Խաղաղապահ զորքերի օրն է
2001 թվականին ձեւավորելով խաղաղապահ ուժերը` Հայաստանն իր պատրաստակամությունը հայտնեց միջազգային հանրության առաջ ծառացած խնդիրների լուծման գործում որոշակի ներդրում ունենալու ուղղությամբ: Դրանցից կարեւորագույնը հայկական խաղաղապահ զորախմբերի անմիջական ներգրավումն է Միացյալ կոալիցիոն ուժերի կողմից պայթյունավտանգ գոտիներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին:
Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադում հանդիսավոր պայմաններում նշվեց հայկական խաղաղապահ ուժերի ձեւավորման 12-րդ տարեդարձը: Օրվա միջոցառումների շրջանակներում մի խումբ զինծառայողներ Կոսովոյում ԱՄՆ զորախմբի կազմում տարած բարեխիղճ ծառայության համար ԱՄՆ ԶՈՒ կողմից պարգեւատրվեցին “Բանակի ձեռքբերումների համար” մեդալով:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով խաղաղապահները պարգեւատրվեցին “Մարշալ Բաղրամյան”« “Նելսոն Ստեփանյան” եւ “Անբասիր ծառայության համար” գերատեսչական մեդալներով: Պարգեւները հանձնեցին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Երոյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Սիմսոնը:
Բարձր գնահատելով ԱՄՆ զինծառայողների հետ կողք-կողքի խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինվորականների մասնագիտական պատրաստվածության մակարդակը՝ ռազմական կցորդը նշեց որ “իր համար պատիվ է ԱՄՆ ԶՈՒ հրամանատարության կողմից մեդալներ հանձնել նրանցից առավել աչքի ընկածներին”:
Ներկայում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի երեք ստորաբաժանումներ խաղաղապահ առաքելություններ են իրականացնում Աֆղանստանում եւ Կոսովոյում տեղակայված կոալիցիոն ուժերի խաղաղապահ ուժերի կազմում` իրենց ամենօրյա բարդ եւ պատասխանատու ծառայությամբ բարձր պահելով հայ զինվորականի պատիվն ու հարգանքը: