ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ

Սիրելի´ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի եւ Վերջին դասի կապակցությամբ:
Դուք այսօր հրաժեշտ եք տալիս արդեն հարազատ դարձած կրթօջախին` թողնելով այնտեղ ձեր պատանեկության անմոռանալի տարիները: Միաժամանակ հրաժեշտ եք տալիս ուսուցիչներին, որոնց սերն ու հոգատարությունը հիշելու եք մշտապես: Դուք թեւակոխում եք կյանքի այնպիսի շրջան, որտեղ ձեզանից պահանջվելու է լինել առավել պատասխանատու եւ խոհեմ:
Աշխատեք հարստացնել ու խորացնել ձեր գիտելիքները կյանքի տարբեր բնագավառներում, հաստատուն քայլեք ձեր նախընտրած ճանապարհով, դարձեք բարձրակարգ մասնագետներ եւ միշտ արժանավայել ու հպարտ կրեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու ձեր կոչումը:
Սովորեք անսասան ու շիտակ քայլել ձեր ընտրած ճանապարհով եւ դարձեք մեր հինավուրց երկրին ու հայ ժողովրդին արժանի հետնորդներ:
Սիրելի´ ուսուցիչներ, տարիներ շարունակ դուք դեպի կյանք եք ուղղորդել տասնյակ սերունդներ: Այսօր էլ հրաժեշտ եք տալիս դպրոցական ուսումնառության առաջին իսկ օրից հարազատորեն փայփայած, կրթած ու դաստիարակած ձեր սաներին:
Ցանկանում եմ, որ նրանք դառնան թե´ հարազատ դպրոցի, թե´ մեր պետության ամուր հենասյունը եւ իրենց ապագա հաջողություններով ու ձեռքբերումներով հպարտությամբ լի պահեր պարգեւեն մանկավարժի բարձր կոչմանը հավատարիմ իրենց ուսուցիչներին:
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանում, հեռավոր Սփյուռքում, Արցախում եւ Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին այս անմոռանալի օրվա կապակցությամբ եւ մաղթում անսահման երջանկություն ու հաջողություններ: