Ազգային ժողովից հորդոր Կառավարությանը
2017-ին 19 միլիարդ 941 միլիոն դրամով նախատեսվում է պահպանել ԱԱԾ-ի գործունեությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը՝ հավելելով, որ այս տարվա բյուջեն պակաս է նախորդից:
Նրան հարցեր ուներ Պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նախ նա հեատքրքրվեց կադրերից, ինչի մասին Հակոբյանն ասաց, թե իրենց մոտ այս խնդիրը բարդ է, սակայն ձեռնարկում են միջոցներ այդ խնդիրը լուծելու համար, և կադրերի հետ կապված աշխատանքի խնդիր չկա, օր ու գիշեր աշխատում են: Ապա Նահապետյանն ասաց, որ բյուջեում որևէ էական փոփոխություն այս մասով չկա, մի՞թե նոր մարտահրավերներ, սպառնալիքներ չկան, կամ նոր ռազմավարական խնդիր չկա, որ պիտի արձանագրվի ու ներկայացվի:
«Դա փակ տեղեկատվություն է, հույժ գաղտնի տեղեկատվություն է, բայց այս տարի համապատասխան հատվածում մի քիչ ավելացում կա, այսինքն՝ մենք ունենալու ենք նոր գործիքներ, որ մեզ անհրաժեշտ է»,-եղավ Հակոբյանի պատասխանը:
Կորյուն Նահապետյանն ասաց, որ յուրաքանչյուր տարի ասվում է, որ այդ տեղեկատվությունը գաղտնի է, սակայն բյուջեի մասով այդ տեղեկատվությունը պիտի ներկայացվի Ազգային ժողով, բյուջետային ծախսերը պիտի արտացոլված լինեն, իսկ Կառավարությունն ԱԺ-ին պետք է ներկայացնի այդ տեղեկատվությունը: Արամ հակոբյանն էլ խնդրեց գրավոր հարցում ուղարկել, ինչին կպատասխանեն, սակայն Նահապետյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Կառավարությունը պարտավոր է այդ տեղեկատվությունը ներկայացնել խորհրդարանին ու խնդրեց այդ հորդորը փոխանցել Կառավարությանը: