«Դժոխքի մեջ դրախտ լինեք ոնց որ»
Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան անդրադարձավ ԿԲ ուռճացված աշխատակազմին, ճոխ ծախսերին ու ճոխ աշխատավարձերին՝ ասելով, որ համատարած աղքատության, թշվառության, սոցիալական հազար ու մի խնդիրների պարագայում նման ծախսեր անելն անընդունելի է: Օրինակ՝ ԿԲ-ն 20 հազար դոլար է ծախսել ամսագրեր ձեռք բերելու համար՝ ըստ պատգամավորի: «Դժոխքի մեջ դրախտ լինեք ոնց որ: Նայում ենք ԿԲ-ի կատարած հսկայական հեռախոսավարձերի ծախսերը, 820 հոգու աշխատավարձերը քի՞չ են, միջինում՝ 600 հազար դրամ,այս ընդհանուր թշվառության ֆոնին այս ամենը չի կապվում, չի կարելի էսպես»,-ասաց Արամ Մանուկյանը:
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ պատասխանեց, որ տարբեր գնահատողներ ԿԲ աշխատանքներն ու կատարած ծախսերը գնահատում են օրինակելի, և որ ԿԲ-ն պատրաստ է խոսել արդյունավետության ցուցանիշներով: Ինչ վերաբերում է ամսագրերի վրա 20 հազար դոլար ծախսելուն, ապա ըստ Երիցյանի, մասնագիտական գականությունը թանկ արժե, և դրանից չօգտվելը կնշանակի լինել հետամնաց: «Այն բյուջեն, որ մենք ունենք, պրոֆեսիոնալ է ու արդյունավետ, մեր ծախսերը բավական զսպված են: Օրենքը թույլ է տալիս, որ բանկային արդյունավետ աշխատողների համար աշխատավարձը պետք է բարձր լինի, մինչդեռ առևտրային բանկերի աշխատավարձերի ու ԿԲ աշխատավարձերի անջրպետը ավելանում է, դա ճիշտ չէ»,- շեշտեց Երիցյանը:
Նա հավելեց, որ ԿԲ գործունեությունը պարբերաբար ենթարկվում է աուդիտի աշխարհի առաջատար ընկերությունների կողմից՝ ներկայացնելով հաշվետվություն, ինչը լուրջ երաշխիք է, որ ԿԲ գործունեությունը գնահատվի թափանցիկ: «Չեմ կարծում, որ ԿԲ որակը գցելը բխում է մեր քաղաքացիների շահերից»,- ասաց Երիցյանը: