Բնակարան Գյումրիում` ընդամենը 400 դրամով
Բնակարան Գյումրիում ընդամենը 400 դրամով։ Սա ոչ թե վիճակախաղի տոմս է, այլ մեկ սովորական բացիկի արժեք, որը վաճառվում է Գյումրիում։ Արդեն չորրորդ տարին է Շիրակի թեմի սուրբ «Յոթվերք եկեղեցու բարեգործական ջոկատը բացիկներ է տպագրում։ Փողոցում անցորդներին են վաճառում 400 դրամանոց բացիկները ու ոգևորում, որ ամեն մի բացիկը մի հույսի կաթիլ է լինելու անօթևան ընտանիքի համար, որը վերջապես կունենա բնակարան ու դուրս կգա փտած ու քայքայված տնակից։ Անցնող երեք տարիների ընթացքում երիտասարդները վաճառել են 30,000 բացիկ ու գնել երեք ընտանիքի համար բնակարան։
«1 բացիկը 1 անօթևան ընտանիքի նոր բնակարանի դուռ է բացում,- նշում է ծրագրի անդամ Արման Մինասյանը, – մենք օգնում ենք այն ընտանիքներին, ովքեր փաստացի ապրում են տնակում, ու ընտանիքը բնակարանի ապահովման ոչ մի պետական ծրագրում ընդգրկված չէ։ Հիմնականում օգնում ենք բազմազավակ ու սոցիալապաես անապահով ընտանիքներին»։
Վաճառված ամեն մի բացիկի վրա գրում են գնորդի անունը, նաև խրախուսական մրցանակներ նախատեսում՝ լուսանկար կամ բացիկ հենց գնորդի նկարով։ Բայց շատ են դեպքերը, երբ գնում են բացիկների մի տրցակ ու չեն ներկայանում։ Դիմում են նաև պաշտոնյաններին, որ մասնակցեն «1 բացիկ՝ 1 բնակարան» ծրագրին։ Այս անգամ 70 պատգամավորների նամակներ են ուղարկել ու առաջարկել մասնակցել ծրագրին։ Նախորդ տարիներին մի քանի պատգամավորներ գնել են բացիկներ, որոշները նամակները թողել են անպատասխան։
Ինչպես նշում է «1 բացիկ՝ 1 բնակարան>> ծրագրի անդամներից Արման Գևորգյանը․ «Ծրագրին սկզբնական շրջանում մարդիկ ավելի թերահավատ էին, բայց տեսնելով, որ իրենց մեկ բացիկը կարող է մեկ անօթևան ընտանիքի երջանկացնել, հիմա ավելի վստահում են, նույնիսկ բացիկի գնից ավելին են վճարում, օրինակ` վաճառքի առաջին օրը մեկ բացիկի համար մի տղամարդ վճարել էր 20,000 դրամ»։
Մի քանի ամիս է պահանջվում մինչև գյումրեցի երիտասարդները կկարողանան վաճառել ու կուտակել անհրաժեշտ գումարը /Գյումրիում մոտ 5 միլիոն դրամ գումար է հարկավոր բնակարան գնելու համար/։ Այս տարվա բացիկների վրա ներկայացված է «1 բացիկ 1 բնակարան» ծրագրի հաջողությունները, այն ընտանիքների մասին տեղեկությունները, ովքեր ստացել են նոր բնակարան ունենալու լուրն ու արդեն ապրում են բացիկներով ձեռք բերված տանը։