«Բավականին ադիոզ դեմքեր հիմա կառավարությունում չեն»
«Կան նոր մոտեցումներ, բայց կան նաև խնդիրներ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ խոսելով կառավարության ծրագրի մասին: Նա նշեց, որ բավականին ադիոզ դեմքեր հիմա կառավարությունում չեն, բայց միայն այս տեսանկյունից փոփոխություններ անել հնարավոր չէ: «Անհրաժեշտ է լինելու քաղաքական կամք, որովհետև կան լոկալ շահեր, որ խանգարելու են»,-շեշտեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է վերջին օրերի սահմանային լարվածությանն, ապա Մ. Շահգելդյանը նկատեց. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ադրբեջանական ագրեսիայից հետո այսպիսի դիվերսիոն գործողություններ չէին եղել, դա մասնակիորեն կապված էր Ադրբեջանում սահմանադրակլան հանրաքվեի հետ, որը լրջորեն քննադատվեց դեմոկրատական երկրների կողմից: Ես ենթադրում եմ, որ սա կարող է լինել նաև այն քաղաքականության մի մասը, որ ունի ներքին ու արտաքին կիրառություն: Ենթադրում եմ, որ նավթի գների անկման հետ միասին, իհարկե, նրանց ռեսուրսները պակասում են, բայց Ադրբեջանը փորձում է գտնել ՀՀ պաշտպանության թույլ տեղերը: Սա ռազմական մարտավարության մի մասն է»,-եզրափակեց նա: