Ցմահ դատապարտյալը 20 տարի պատիժը կրելուց հետո պետք է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ունենա. իրավապաշտպան
Հայաստանում ցմահ դատապարտյալները կորած մարդիկ են համարվում, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան` նկատելով, որ երբ Եվրոպայի պահանջով Հայաստանում վերացվեց մահապատիժը, պահանջ էր դրված նաև վերանայել դատավճիռները հետագայում:
“Ցմահ դատապարտյալը 20 տարի պատիժը կրելուց հետո պետք է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ունենա: Անհրաժեշտ է նաև վերանայել ցմահ դատապարտման շեմը` 18-ից 21 դարձնելով: ԲՀԿ-ն էր նման նախաձեռնությամբ հանդես եկել էր, սակայն այն մերժվեց”,-նկատեց իրավապաշտպանը:
Ա. Իշխանյանը մեջբերեց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսքերը, ով դեմ էր հանդես եկել այդ նախաձեռնությանը` պատճառաբանելով դա բանակում հանցագործությունների թվի հնարավոր ավելացմամբ:
“Սա պատժող մարդու մտածողություն է: Սովետական ժամանակի պաշտոնյայի մտածելակերպ է և հարիր չէ այժմյան ժամանակաշրջանին: Ինչ է` երիտասարդը մտածում է, որ օրենքը այսպես է սահմանում, արի այսպես անեմ”:
Նա նշեց, որ խոսքը չի վերաբերում բոլոր ցմահ դատապարտյալներին: “Հայաստանում արդարացման վճիռները հասնում են 1 տոկոսի, իսկ Եվրոպայում`10 տոկոսի: Դա խոսում է այն մասին, որ դատարանները Հայաստանում անկախ չեն, ինքնուրույն որոշումներ չեն ընդունում և չեն ընդունում իրենց սխալները”:
Հայաստանի 104 ցմահ դատապարտյալներից 22-ը դատապարտվել են մինչև 21 տարին լրանալը, որոնցից 15-ը զինծառայության ընթացքում են ցմահ դատապարտվել: