Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ-ը. Շ. Քոչարյան
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանել է “Արմենպրես” գործակալության հարցին` ստատուս քվոյի վերաբերյալ:
“Օրերս Ադրբեջանի նախագահը, Ավստրիայում խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, հայտարարել է ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին, եւ որ ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է այսպես կոչված “ադրբեջանական օկուպացված տարածքներից” հայկական զինված ուժերի դուրսբերում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը”:
“Արդեն վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նման հայտարարությունների անընդհատ հնչեցումը Ադրբեջանի ղեկավարության կողմից ուղղված են հենց ստատուս քվոյի փոփոխությունները կանխելուն:
Եթե Ադրբեջանում իրոք ցանկանային ստատուս քվոյի փոփոխություն, ապա համաձայնության կգային Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ եւ կնպաստեին բանակցային գործընթացի առաջընթացին, այլ ոչ թե կտապալեին այն, ինչպես դա արվեց Կազանում: Ադրբեջանը ունի միայն մեկ հնարավորություն բավարարելու իր անհագուրդ ձգտումը հասնելու ստատուս քվոյի փոփոխությանը եռանախագահների բանակցային ձեւաչափը շրջանցելու միջոցով: Դրա համար Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետեւանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն:
Ապարդյուն են Ադրբեջանի փորձերը նենգափոխելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության եւ բանակցային գործընթացի էությունը: Նմանատիպ նենգափոխումները, ինչպես եւ հայության դեմ թշնամանք սերմանող ռասիստական հայտարարություններն ու գործողությունները միայն մեծացնում են Ադրբեջանի ղեկավարության պատասխանատվությունը հայերի դեմ ջարդերի եւ էթնիկ զտումների, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի, եւ դրա հետեւանքների` ներառյալ Ադրբեջանի կողմից ԼՂՀ տարածքների օկուպացման համար”,- նշել է Շավարշ Քոչարյանը: