Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Հոկտեմբերի 25-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պյեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։ Այս առումով, Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է, որ մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։
Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ ի հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերի՝ զերծ մնալ առավելապաշտական և սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից՝ Բաքուն շարունակում է այդ գործելաոճը, ինչի թարմ ապացույցն են վերջին օրերին բանակցային գործընթացի էությունը և ոգին խեղաթյուրող Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայտարարությունները, որոնք միանաշանակ վնասակար են բանակացային գործընթացի համար։