Որևէ սոցիալական ծրագիր կառավարության նոր ծրագրով չի կրճատվելու: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ նախարարի՝ ավելին նոր ծրագրեր են լինելու: «Այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում այն բյուջետային ծախսերը, որոնք իրականացվում են, հատկապես սոցիալական ոլորտի պաշտպանության ծրագրերը որևէ ձևով չեն կրճատվելու և իրականացվելու են: Ավելացնելու հնարավորություններ, եթե կունենանք լրացուցիչ եկամուտներ ու հնարավորություններ, իհարկե, կավելացնենք»,- ասաց նա:
Հարցին, թե թոշակների ու նպաստների այդ չափով հնարավո՞ր է արժանապատիվ կյանք ապահովել սոցիալապես խոցելի խմբերի համար, ինչի մասին վարչապետն է հայտարարում, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Վարչապետի ելույթն ամբողջական էր: Առաջին հերթին խնդիրը տնտեսության ակտիվացումը, ներդրումների ավելացումը, աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի ավելացումն է, որովհետև յուրաքաչյուր տոկոս տնտեսական աճը կոնկրետ ազդեցություն է ունենում աղքատության վրա: Այս առումով առաջնահերթությունը ներդրումների և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման պայմանների ստեղծումն է, որի դեպքում դրանք նաև անմիջականորեն անդրադառնալու են սոցիալապես այն շերտերի վրա, որոնք կարիք ունեն պետական սոցիալական ծրագրերի»: