Աշխարհահռչակ Պիետրոդարկին Ռիտա Սարգսյանի երգը կներառի իր ձայնասկավառակում
Այսօր ՛՛Արամ Խաչատրյան՛՛ համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայացրեց ՛՛Hollywood Non-Stop’’ համերգային ծրագիրը: Համերգի գործընկերն են Վիվասել-ՄՏՍ-ը և ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը:
՛՛Hollywood Non-Stop’՛-ը ամերիկյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիների ներկայացումն է: Երեկոյի ընթացքում հնչեցին ՛՛Գլադիատոր՛՛, ՛՛Կարիբյան ծովի ծովահենները՛՛, ՛՛Կնքահայրը՛՛ և այլ կինոնկարների սաունդթրեքները:
Ծրագրի ընթացքում կատարումով հանդես եկավ նաև աշխարհահռչակ իտալացի վիրտուոզ, ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին: Նախքան իր կատարումը նա զրուցեց լրագրողների հետ ու պատմեց, որ իր այս այցը Երեւան բավականին տարօրինակ է եղել: ՛՛Ես համերգ էի տալիս Վրաստանում, երբ Սերգեյ Սմբատյանն ինձ ասաց, որ կարևոր համերգ կա այստեղ, ազատ երկու օր ունեի և որոշեցի գալ՛՛,-ասաց նա:
Աշխարհահռչակ իտալացին շատ է սիրում հայկական երաժշտությունը և նմանություններ է գտնում հայկական ու իտալական երաժշտության եւ հանդեսատեսների միջև: Նա հույս հայտնեց, որ մեկ օր իր համար որևէ հայ կոմպոզիտոր երգ կգրի:
Մարիոն պատմեց նաև, որ անակնկալի է եկել, երբ իմացել է, որ Հայաստանի առաջին տիկինը երգ է գրել: Նա հայտնեց, որ ցանկանում է ձայնասկավառակ ձայնագրել ու Ռիտա Սարգսյանի հեղինակած երգն այնտեղ ներառել: ՛՛Իտալական ու հայկական երաժշտության միքս ստեղծելու ցանկություն ունեմ և ինձ համար շատ հաճելի էր, որ քաղաքական գործիչը գրում է երաժշտություն, քանի որ քաղաքականությունը հեռու է մշակույթից՛՛: Նա դեռևս չգիտի, թե երբ է ձայնագրելու այդ երգը:
Իտալացին եզրափակելով զրույցը ասաց. ՛՛Երբ Հայաստանում եմ, ինձ թվում է, թե իմ հայրենիքում եմ՛՛,-հավելեց, որ հայերը շատ ջերմ ու հյուրասեր մարդիկ են: