Թուրքիային չենք թույլատրելու մասնակցել Մոսուլի օպերացիային. Իրաքի վարչապետ
Իրաքի վարչապետ Հայդար ալ Իբադին հայտարարել է, որ իրենք չեն թույլատրելու Թուրքիայի ստորաբաժանումներին մասնակցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմեկերպության վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի ազատագրման օպերացիային:
Միջանկյալ նշենք, որ Մոսուլի օպերացիան սկսվել է հոկտեմբերի 16-ի կեսգիշերին:
Ինչպես հաղորդում է «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, նշյալ հայտարարությունը Իրաքի վարչապետն արել է «Էլ Իրաքիյե» հեռուստաընկերության եթերով: Նշել է, որ միակ ուժը, որը խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, Թուրքիան է՝ կատի ունենալով Իրաքի Բաշիքա շրջանում թուրքական ստորաբաժանումների ներկայությունը:
Իբադին տեղեկացրել է նաև, որ չկա որևէ փաստաթուղթ, որով Իրաքի կառավարությունը ցանկանում է, որ այդ օպերացիային հարձակողական ուժեր մասնակցեն Թուրքիայից:
Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի՝ Իրաքի կառավարության մամուլի կենտրոնից ստացված տեղեկության համաձայն` Մոսուլի ազատագրմանը մասնակցում են Իրաքի «Հաշդի Շաբի» շիա աշխարհազորայինները և Իրաքյան Քուրդիստանի զորքերը: Ի դեպ, վերջինիս մասնակցության վերաբերյալ համաձայնության են եկել Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) և ԱՄՆ:
Ընդհանուր առմամբ Մոսուլի գործողությանը մասնակցում է 30 հազար հոգի` 36 երկրից: Թուրքական աղբյուրի պնդմամբ` օպերացիային մասնակցում են նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 3000 զինյալ և Իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգա» կոչվող զինված ուժերը:
Հիշեցնենք, որ բուն Թուրքիայի մասնակցությունը այդ օպերացիային մինչև վերջին պահը հարցականի տակ էր , քանի որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ԱՄՆ-ի առաջ պայման էր դրել, որի համաձայն Թուրքիան օպերացիային կմիանար այն դեպքում, եթե դրանում մասնակցություն չունենային Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG):