Գազի թանկացման դեմ. բողոքի երթը շարժվում է նախագահական /լրացված/
“Գազը թանկացրեք, հարկերը չենք մուծելու”, “ինչքան ուզենք, էնքան կվճարենք”, “ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ինչ անեք” գրառումներով պաստառներով մի խումբ քաղաքացիներ եւ քաղաքացիական ակտիվիստներ այսօր առավոտից ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Որպես շարքային քաղաքացիներ ակցիային են միացել նաեւ դաշնակցական պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը, այստեղ են ”Ժառանգությունից” Զարուհի Փոստանջյանը, Դավիթ Սանասարյանը:
Քիչ առաջ բողոքավորներին մոտեցավ կառավարության դիմում-բողոքների եւ նամակների քննարկման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով հավաստեց, որ կառավարությունն ամեն ջանք կգործադրի գազի գնի թանկացումը գոնե նվազագույնին հասցնելու համար: Ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է, նրանք պատրաստվում են կառավարության մոտից շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր:
Այս պահին երթը շարժվել է դեպի Սարյան փողոց, որտեղ գտնվում է հանրային ծաայությունները կարգավորող հանձնաժողովը: Ակցիայի մասնակիցներն ընթացքում շարունակաբար քաղաքացիներից ստորագրություններ են հավաքում, բազմաթիվ քաղաքացիներ ստորագրելուց հետո միանում են երթին:
Այս պահին երթի մասնակիցները սպասում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատասխանին: “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. “Էս գազի թանկացումը մենակ մե՞զ ա վերաբերվում: Դուք մտածելու բան չունե՞ք”:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ գազի թանկացման հետ կապված հայտը դեռ քննարկման փուլում է եւ վերջնական որոշում կկայացվի միայն 90 օր հետո:
Նա նշեց, որ ինքը հանձնաժողովի անդամ չէ եւ իրավասու չէ պատասխանելու գազի սակագնի հաշվարկման հետ կապված հարցերին: Տեղի տալով ցուցարարների եւ լրագրողերի պահանջին` Միքայել Սողոմոնյանը խոստացավ 10 րոպեից վերադառնալ եւ ասել, թե քանի ներկայացուցիչ կարող է բարձրանալ վերեւ եւ հանդիպել հանձնաժողովի անդամների հետ: Հավաքվածները որոշում կայացրեցին, որ առանց լրագրողների ներկայության ոչ ոք ներս չի մտնելու:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից պարզաբանումներ ստանալուց հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26:Որտեղ էլ նախապես կազմված դիմում- նամակը փոխանցեցին նամակների բաժին:Նամակը հասցեագրված էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:
Բաղրամյան 26-ում էլ ակցիան ավարտվեց: