Քաղաքականության հերն անիծեցիր, ե՞րբ ես տեսել` իշխանությունը թողնի ու գնա (վիդեո)
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը վստահ է` չնայած ՏԻՄ ընտրություններին ընդդիմության արձանագրած արդյունքներին, իշխանության տարած կեղտոտ խաղին, պետք է շարունակել աշխատել ու ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին: «Մենք տեսել ենք արցախյան պատերազմ, նրանից հետո չպատրաստվե՞ինք, ունեցել ենք ապրիլյան պատերազմ, սխալներ ենք ունեցել, չշարուանկե՞ինք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Հարցին, թե ինչը պիտի շտկվի, նա պատասխանեց. «Պիտի շտկել ներքին թիմերը, հասարակության հետ ճիշտ ձևով աշխատել»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն, ով մյուս բանախոսն էր, այս հարցի վերաբերյալ ասաց. «Այստեղ իսկապես թաղված է «շան գլուխը»: Հայաստանում պետք է լինի մեկ ուժեղ ընդդիմություն, սրա մասին շատ ենք խոսել ու ցույց տվել օրինակներով»:
Պողոսյանը կատակեց, թե ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միտքը կարծես թե տարածվում է ընդդիմության վրա: «Փաշինյանի միտքը չի, տրամաբանական միտք է: ՀՀ-ը չունի այդքան ռեուրս, որ ունենա 60 հատ ընդդիմություն, ինչպես նաև որևէ այլ երկիր: Աշխարհի ամենաժողովրդավարական ու ամենահարուստ երկրներում կա ընդամենը մեկ ընդդիմոդիր ու մեկ կառավարող կուսակցություն, այդքան մարդկային ռեսուրս չկա, ճանապարհը միավորվելն է»:
Հարցին` համաձայն են տեսակետի հետ, թե դաշտի բոլոր ուժեն ապականվել են, և արդյոք կա նոր ուժերի կարիք, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, թե միգուցե ինչ-որ ուժեր հայտնվեն, բայց եթե եղած ուժեը չմիավորվեն, դժվար կլինի: «Այդ դեպքում ձեռնոց չեն կարող նետել կառավարող ուժերին ու որևէ բանի չեն հասնելու, Վանաձորի ու Գյումրու ընտրություններն էլ դա փաստեցին: Կա ժողովրական այլընտրանքային ընդդիմադիր ուժի պահանջ ժողովրդի կողմից»:
Թևան Պողոսյանն ասաց, թե իշխանությունը վերջապես հասկացել է դա ու կնպաստի այդ մեկ ընդդիմության ձևավորմանը: «Այդ պարագայում գոյություն ունի այդքան ջատագով ու ժողովրդավարական կանոններից մեկը` դու պետք է ձևավորես դաշտ, իսկ նրանից հետո կլինեն քաղաքական գործիչներ, որ կունենան տեսլական ու կներկայացնեն, ու հանրությունն էլ կընտրի: Թե իրենք կլինեն 6-ը, 7-ը, թե կլինի միավորում, ու կդառնան մեկը, դա կլինի իրենց ընտրության խնդիրը: Դուք ի՞նչի եք խառնվում, թե ձեզ ինչ է պետք: Հենց սկսում եք խառնվել, հասկանում եմ, որ ձեզ մոտ կան վախեր:»: Մարտիրոսյանը հակադարձեց` իրենք ամենևին էլ չեն խառնվում: «Ընդդիմության միավորումն առաջին հերթին հասարակության պահանջարկն է ու հասարակության շահերից է բխում»:
Ընդդիմադիր պատգամավորն այստեղ կատակով հարցրեց` միգուցե իշխանությունը մի օր էլ հասկանա, որ հասարակության շահերից չի բխում, որ ՀՀԿ-ն է իշխանության, թողեր ու գնար:
«Քաղաքականության հերն անիծեցիր , երբ ես տեսել, որ իշխանությունը թողնի ու գնա»: