28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Տանկեր, սամալյոտ սաղ հանեցիք Վանաձորում. պատգամավորների բանավեճը (վիդեո)

«Փաստորեն ոչ Գյումրիում, ոչ էլ Վանաձորում մնացած հետհաշվարկային խնդիրներն ու գործընթացները, որ պիտի ընտրված մարդիկ գան, մեկ սենյակում նստեն ու ամրագրեն այն, ինչ հասարակությունը ցանկացել է, այդտեղ ունենք արդեն ներքին խնդիրներ: Ինչը նշանակում է, որ իշխող համակարգը ապրում է վախերի մեջ, չնայած հայտարարում է  նորերի մասին, բարեփոխումների մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով ՏԻՄ ընտրությունների ու դրանց արդյունքների մասին: Պատգամավորը նկատեց՝ իշխանությունները խոսում են, ասում են՝ ի՞նչ է եղել, մի օր էլ մենք ենք լինելու ընդդիմություն, սակայն մեկ շաբաթվա մեջ օգտագործում են ուժային և այլ մեթոդներ, որպեսզի ընդդիմությունը կողմ քվեարկի Վանաձարում ՀՀԿ-ի թեկնածուի օգտին:

«Երբ արդեն սենյակում պետք է կատարվի փաստի ամրագրում, տեսնում ենք , թե ինչ եղավ»,-ասաց Պողոսյանը: Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նետեց, թե ինչ կապ ունի իշխանությունը այդ քվեարկության հետ. «Թող չքվեարկեին: Ապացուցված չէ, որ իշխանությունը ճնշումներ է գործադրել»: Մարտիրոսյանը հիշեցրեց մաֆիա խաղն ու ասաց, թե այնտեղ էլ բոլորը ցանկանում են կարմիր երևալ, սակայն արդյունքում «սևեր» կան. «Մարդիկ հուշագիր են ստորագրել, ու 4 հոգի «սև» են դուրս եկել:

Սա լավ դաս է քաղաքական համակարգի ու մեր հասարակության համար, ու ընդհանրապես ՏԻՄ ընտրությունները բազմաթիվ հարցերի պատասխաններ տևեցին, բազմաթիվ բաներ հստակեցվեցին»:

Թևան Պողոսյանի համոզմամբ՝ նախընտրական գործընթացներն ազդեցին, որ ռադիկալ տրամադրված հասարակությունը հավատը կորցրեց ընտրությունների հանդեպ ու չգնաց ու չքվեարկեց: Սրա հետ համաձայն չէ Լևոն Մարտիրոսյանը: «Գնացել են նրանք, ում կարողացել են տանել»,-նկատեց Պողոսյանը: «Քաղաքագիտության մեջ միշտ էլ ամենառադիկալ մարդիկ են դուրս գալիս, գնում, հավեսը հանում, քվեարկում:

Ռադիկալ ուժերն այնպիսի ֆիասկո ապրեցին, որ իրենց ձայնը տեղից դուրս չի գալիս, մի քիչ շատ էին իրենց վրա վստահ»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Կրկին վերադառնալով Վանաձորում քաղաքապետի քվեարկությանը՝ Պողոսյանը կատակեց, թե իշխանություններն ամեն ինչ արեցին իրենց ուզած արդյունքների հասանելու համար, նույնիսկ «տանկեր, սամալյոտ սաղ հանեցիք այդ մարդկանց դեմ»: ՀՀԿ-ական պատագմավորն էլ արձագանքեց, թե ավագանու անդամներն ամենևին էլ վախեցած չեն եղել.

«Վախենալու բան չկա, մարդիկ 18 հոգով նստել, մի բան են ստորագրել, պա այլ կերպ քվեարկել: Այս մյուս ճամբարն ի՞նչ կապ ունի ,այ մարդ:

Փրփուրներից պետք չէ կախվել, փաստը մնում է  փաստ, որ հուշագիր են ստորագրել, սակայն 19 հոգի կողմ քվեարկեցին ՀՀԿ-ի թեկնածուի օգտին»:

«Եթե նույնիսկ մենք տեսնեինք, որ ՀՀԿ-ի թեկնածուն վեր կենար ու ասեր, որ ես մի ծրագիր եմ ներկայացնելու, ու իր խոսքը եզրափակեր ծրագրով, կասեի՝ ինչ-որ բան է փոխվել, բայց եթե խոսվում է 3 րոպե, ուղղակի շնորհակալություն ասվում, պարզ է, որ մի բան այն չէ»,-նկատեց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցին, թե իշխանությունն է մեղավոր, Թևան Պողոսյանն արձագանքեց. «Իշխանությունը մեղավոր է նրանով, որ իր վախերի մեջից ինքը պատրաստ չէ իր նախաձեռնած փոփոխությանը: Կա պրոբլեմ, որովհետև մարդիկ կարող է՝ ընկել են տեռորի կամ պայքարի տակ ու չեն դիմացել»:

«Հուշագիր չստորագրեիք, ո՞վ է ձեզ ստիպում»,-շարունակեց Մարտիրոսյանն ու հավելեց՝ ահաբեկված մարդիկ չի տեսել Վանաձարում ավագանու նիստի ժամանակ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ