16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մազալու մարդ ես, Ջոնի, իսկը Շարմազանովի տեղակալ. Հրապարակ

Տարոն Մարգարյանի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ-ական մի հավաքույթի ժամանակ կես կատակ-կես լուրջ կրկնել էր Հովիկ Աբրահամյանի հանճարեղ միտքն այն մասին, որ շտաբի պետի նախկինը չի լինում: Այս երկու ՀՀԿ-ականին էլ պետք է ասել, որ ոչ թե ՀՀԿ-ական շտաբի պետի նախկինը չի լինում, այլ նաեւ ՀՀԿ-ականի նախկինը, մանավանդ՝ ՀՀԿ-ական շատ թե քիչ բարձր պաշտոնյայի նախկինը:

Նրանք գալիս են որեւէ նախագահի հետ, ապա վերարտադրվում հաջորդ նախագահի գալով ու դառնում ընդմիշտ: Նայեք Սերժ Սարգսյանի շրջապատի դեմքերին ու կհամոզվեք, որ Ռոբերտ Քոչարյանի հետ եկածներն են մեծ մասը: Եվ ինչո՞ւ միայն Ռոբերտ Քոչարյանի հետ եկածները: Լեւոնի ժամանակներից մնացած այնքան մարդ կա, որ “երանելի” ժամանակների նոստալգիան ուղղակի սպանում է:

Բայց գանք Շարմազանովին, ով օրերս հիացմունքով է խոսել իր կազմակերպած ընտրություններից: Խոսքը Երեւանի ավագանու ընտրությունների մասին է, որոնց ժամանակ ԱԺ հարգարժան փոխխոսնակը Տարոն Մարգարյանի շտաբի պետն էր:

Թե ում էր պետք այդ շտաբը, թող ՀՀԿ-ականները կարեւորեն, իսկ մեր համոզմամբ այն պարզապես տպավորություն գործելու մի հաստատություն էր, որ ՀՀԿ-ն ստեղծեց: Բանն այն է, որ երեւանցիներին “առնելու” գործը (իսկ ուրիշ գործ դրանից բացի չի էլ եղել) Շարմազանովն ու նրա արդարադատ տեղակալը պարզապես չէին կարող կազմակերպել կամ անձամբ անել: Եթե արել են՝ հարց չկա, ես ներողություն եմ խնդրում, բայց այդ դեպքում արդեն Վլադիմիր Գասպարյանն ասելիք կունենա: Ուրեմն ինչքան հնարավոր է, Շարմազանովը թող քիչ հարցազրույցներ տա ու ինքնագովությամբ զբաղվի: Անհարմար է, երբ կատարյալ խայտառակությունը փորձում են ընտրություն, առավել եւս՝ եվրաչափանիշներին համապատասխան ընտրություն որակել:

Մի նկատառում՝ եթե ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը չբողոքարկեցին ավագանու ընտրությունների արդյունքները, դա դեռ չի նշանակում, որ այնտեղ բողոքարկելու բան չկար: Բողոքարկում են ընտրությունների արդյունքները, իսկ մայիսի 5-ին ոչ մի ընտրություն էլ չի եղել: Ամեն ինչ եղել է այդ օրը, բացի ընտրություններից: Իր հարցազրույցում պարոն Շարմազանովն ասում է, որ ընդդիմադիրների դժգոհությունն այլ օպերայից է: Իհարկե այլ օպերայից է, պարոն Շարմազանով, հո ընտրություններից չէ:

Էդուարդ Շարմազանովն ասում է՝ միջազգային դիտորդները գնահատականներ են տվել, ըստ որոնց՝ Երեւանում նորմալ, մրցակցային ընտրություններ են եղել: Բան չունենք ասելու: Բայց եկեք մենք էլ մի պահ ընդունենք, որ միջազգային դիտորդների աչքին մայիսի 5-ի իրադարձություններն իրոք ընտրություններ են երեւացել: Իսկ ի՞նչ էր տեղի ունենում տեղամասերից դուրս, ի՞նչ էր կատարվում Երեւանի թաղերում մայիսի 4-ին, 3-ին, 2-ին… Միջազգային դիտորդները, բնականաբար, բանից անտեղյակ են եւ միայն իրենց աչքի տեսածն են ֆիքսել, թե ինչպես են երեւանցիները, իրենց կամքով, շարասյուներով գալիս ընտրության: Այդքան կազմակերպված՝ նույնիսկ եվրոպացիները չեն գնում ընտրությունների: Այդ նույն անտեղյակությունն է պատճառը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ եթե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները խաղաղ ագրեսիվություն դրսեւորեն եւ իրենց ձայները պահեն տեղամասերում, Հայաստանում իշխանափոխություն կլինի: Դե լավ, հա, Ջոնի: Ուրեմն ընդդիմադիրները հենց նրա համար են հանձնաժողովում, որ իրենց ձայները տան ՀՀԿ-ի՞ն: Մազալու մարդ ես, իսկը՝ Շարմազանովի տեղակալ:

Մինչդեռ մեխանիզմը շատ պարզ է, պարոն Հեֆերն: Մայիսի 5-ին մեր ընտրողների գերակշիռ մեծամասնությունն առաջնորդվել է “քվեն փող է” կարգախոսով, քանզի որոշ կուսակցություններ էլ ընտրությունների նախօրյակին առաջնորդվում էին իրենց՝ “փողը քվե է” սուրբ կարգախոսով: Թե այսքանից հետո ինչ կարող է անել ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը հանձնաժողովում, երբ նախագահը քվեատուփից անընդհատ նույն կուսակցությանը քվեարկված թերթիկ է հանում, դժվար է ասել: Մինչդեռ միջազգային դիտորդների համար դա շատ նորմալ է եւ թափանցիկ:

Իսկ ի՞նչ նկատի ունի Շարմազանովը, երբ ընդգծում է. “Տեխնիկական բնույթի խնդիրներ եղել են, բայց դրանք չեն կարող ազդել ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վրա”:

Օրինակ, ինչպիսի՞ խնդիրներ, եւ ինչո՞ւ չեն կարող դրանք ազդել ելքի վրա: Արդյոք չնչի՞ն տեխնիկական խնդիր է ընտրողների կուտակումն ընտրատեղամասի մոտ: Իսկ ինչի՞ հետեւանք է այդ կուտակումը: Ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ականն իր “Մերսեդեսով” ընտրությունների բերի չգիտես որ նկուղներից պեղած բոմժանման արարածների: Իսկ գուցե մենք այնքան միամիտ ենք, որ կարծում ենք՝ Շմավոն անունով մեկը “Գազել” է վարձել ու իր հարեւաններին պատիվ արել՝ բերելով ընտրությա՞ն: Բացատրեք, խնդրեմ, պարոն Շարմազանով, այդ ինչպե՞ս կարող է տեղամաս բերվող հարյուր հազարավոր մարդկանց քվեարկությունը չազդել Երեւանի ավագանու ընտրությունների ելքի վրա: Եվ սա դեռ ամենապարզ ու անմեղ տեխնիկական թերությունն է:

Լինելով ՏԸՀ նախագահ՝ ես մի հետաքրքիր բան էլ եմ նկատել: Դա կարելի է անվանել ՀՀԿ-ական ընտրազանգվածի տեխնիկական առաջընթաց: Զգալիորեն նվազել, մինիմումի էր հասցվել ՀՀԿ-ին “կողմ” քվեարկված անվավեր քվեաթերթիկների թիվը:

V նշանը բոլոր թերթիկներում շատ հստակ դրված էր իր տեղում, ինչը թույլ է տալիս մտածելու, որ դա արվել է վարժ մարդու կողմից: Ինձ վստահված տեղամասում, ի վերջո, թերթիկների թվի հետ կապված՝ 3 անճշտություն գրանցվեց:

Նայեք ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներն ըստ տեղամասերի: Անճշտությունների սյունակում համատարած զրոներ են, բայց երբ նայում ես մյուս թվերին, տեսնում ես, որ անճշտությունները շատ են: Սա, կարող ենք ասել, քվեաթերթիկ “թռցնելու” հետեւանք է: Հետո այդ քվեաթերթիկը վարժ ձեռքով քվեարկվում է դրսում եւ ամեն հաջորդ ընտրողի միջոցով գցվում քվեատուփ: Ի՞նչ կասի շտաբի պետ Շարմազանովը, ինքը տեղյա՞կ է այս ամենից: Եթե այո, ապա ինչո՞ւ անձամբ չի ահազանգել ոստիկանություն: Եվ, առհասարակ, չարժե, կարծում եմ, անընդհատ մարդու աչք կոխել այն հինգ դեպքերը, որոնց առիթով քրգործեր են հարուցվել: Դա էլ, կոպիտ ասած, “պոնտի” համար է, թե՝ տեսեք-տեսեք:

Այսքան խոսեցինք, լսողին էլ կթվա՝ Շարմազանովն այս օրերին լուրջ գործի է եղել: Այ, լուրջ գործի մեջ էր Տարոն Մարգարյանն իր ենթականերով, թաղային հեղինակություններով, փողատերերով-բանով: Բնականաբար, Սերժ Սարգսյանի ցուցումով էլ գործի էր լծվել ՀՀԿ-ապաշտ օլիգարխիան, ու սրանով ամեն ինչ ասված է: Մայիսի 5-ին, փաստորեն, ընտրություններ տեղի չունեցան: Երեւանի տանուտերը վերարտադրվեց: Ուրիշ ոչինչ: Եվ հիմա նրա ճակատագիրն Անաստասիա Վոլոչկովայի կամ մեկ այլ համաշխարհային աստղի ձեռքում է, որոնք համերգներով հաճախ են երեւում մեր կողմերում: Եթե Տարոն Մարգարյանը մի չորս տարի դիմանա այս կարգի փորձություններին, կարելի է հետո մտածել նաեւ Երեւանի անվանափոխության մասին՝ Տարոնտո կամ Տարոնապոլիս: Կարծում եմ՝ վատ չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ