«ՀՀ-ի համար 18 նախարարություն ունենալը շռայլություն է»
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «Հայաստանի հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ փ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Նա հայտնեց, որ առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ առաջարկներ էին ներկայացվել տարբեր պատգամավորների կողմից, ու դրանք քննարկման առարկա դարձվել են: «Խնդիրը ոչ թե այդ առաջարկությունների հետ սկզբունքային անհամաձայնությունն է, այլ ինստիտուցիոնալ առումով այս պահին կառավարության այն դիրքրոշումը, որ անվանումների մասին պատկերացումն այսպիսին է, որովհետև կա որոշակի տեսլական՝ ծրագրի հետ կապված»,-ասաց նա ու հավելեց, որ այս առաջարկները հետագայում ևս քննարկվելու են: «Կախված նրանից, ինչպիսի տեսլականով առաջ կգնանք, եթե փոփոխպություն կլինի, կներկայացնենք ձեր դատին»,-նկատեց նա:
Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այս նախագիծը բավարարում է բովանդակային առումով, «Կշարունակենք աշխատել կառավարության հետ ու ապագայում ավելի լուրջ ու համատեղ ծրագրեր կլինեն մեր առջև»,-ասաց նա:
Այնուհետ ընդդիմադիր պատգամավորները հանդես եկան ելույթով: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ իր համար անհասականալի է նախարարի հայտարարությունը, թե բովանդակային առումով խնդիր չկա, սակայն միևնույնն է՝ կառավարությունը հիմա չի ներառելու այս առաջարկները նախագծի մեջ:
«Մենք լուրջ բաներ ենք ասում, և սա վատ մեկնարկ է, նման բաներն այս ձևով չեն արվում, իսկ եթե տեսլական ունեք ծրագրի, ծրագիրը միանգամից բերեիք»,-ասաց նա: Շարմազանովն էլ կոչ արեց ընդդիմադիր պատգամավորին լավատես լինել. «Լավատես եղեք, պարոն Բագրատյան ջան, լավ է լինելու ամեն ինչ»: Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր Թևան Պողոսյանը ցանկանումէ լավատես լինել, բայց. «Սրտներս ցավում է, ու այդ ցավից ենք այս հարցերը բարձրացնում»,-իր ելույթն այսպես սկսեց նա:Նա հիշեցրեց, որ մի քանի հարցեր էր բարձրացրել, որոնց պատասխանը չստացավ, իսկ այդ պատասխաններն անհրաժեշտ են քվեարկելու համար, օրինակ՝ Քաղաքաշինության նախարարության գործառույթներն ով է կատարելու. «Միգուցե իրենց աշխատողներին ասել եք, մեզ էլ ասեք, իմանանք»: Նա ևս մեկ անգամ հայտարարեց իր դժգոհությունն այն կապակցությամբ, որ ՀՀ-ում նախարարությունների թիվը շատ է:
«Ինձ թվում է՝ ՀՀ-ի համար 18 նախարարություն ունենալը շռայլություն է, այն էլ մեծ շռայլություն, կարծում եմ՝ 12-ը լրիվ բավական կլիներ»:
Եզրափակիչ ելույթի ժամանակ Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ կառավարության կառուցվածքն, ի վերջո, կառավարության լիազորությունն է, սակայն ինքն ընդունում է Թևան Պողոսյանի դիտարկումն առ այն, որ պետք է առավել իրազեկված լինել քվեարկելու համար. «Նախագիծը կառավարության կառուցվածքին է վերաբերում, անվանումներն են փոխվում ու արդեն մի քանի ներկայացվել է, թե ինչ ու ինչու, ու մեկ նախարարություն է վերացվում, սա այն սպառիչ տեղեկատվությունն է, որ կառավարության ներկայացուցիչը պարտավոր է ներկայացնել խորհրդարանին»:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է առաջին հերթին կառուցվածքը ներկայացվում, ոչ թե ծրագիրն, ապա Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ բնականաբար, ծրագրի մասին պատկերացումները կան, կա որոշակի տեսլական, որի համաձայն ներկայացվել է այս նախագիծը: Նախարարը նշեց՝ չի թերագանահտվելու խորհրդարանի դերը, ինքն էլ պատգամավոր է եղել ոչ վաղ անցյալում ու գիտի այդ դերակատարության մասին, սակայն այս պահին այսպես է կառավարությունը պատկերացնում իր կառուցվածքը՝ միևնույն ժամանակ առաջիկայում արված առաջարկների քննարկումը չբացառելով: