“Պամագի մնե” …. “Բարգավաճ Հայաստանին” “պոկում-ջարդում են”. Հրապարակ
ԲՀԿ շտաբում երեկ լռություն էր. խումբ-խումբ մտնում, սպիտակ “մայկաների” տրցակները վերցնում-գնում էին: Առաջին հարկից վերեւ չթողեցին բարձրանանք: Երկրորդ հարկից լսվում էր “Ադամանդե ձեռքը” ֆիլմի հայտնի երաժշտությունը` “Պամագի մնե”:
Եթե խորհրդարանական ընտրություններում առաջին հարկը “պրի-խոժի” էր, բուն շտաբը երկրորդ հարկում էր, այս ընտրություններին երիտասարդ աղջնակները, համակարգչի առաջ նստած, կենտրոնացած կտկտացնում էին` ինչ-որ ցուցակներ կազմում: “Կարիքավորների” ցուցակնե՞րն եք մուտքագրում: “Ոչ, իրական ընտրողների ցանկն ենք ճշտում”,-ասացին:
“Շտաբի պետ Աբրահամ Մանուկյանի մոտ հինգ րոպե հետո նիստ էր “լինելու”, մեզ “ընդունեց” ու հարցերին պատասխանեց նրա օգնականը` Արսեն Մկրտչյանը: Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը` հարցրինք: “Կեղտոտ, անազնիվ”: Ինչո՞ւ:
“ԲՀԿ պաստառները պոկում, լոգոները ջարդում են”: Ո՞վ: “Իշխող կուսակցության ակտիվիստները”: Տեղեկացրե՞լ եք ՀՀԿ-ին: “Ո՞նց կարող ենք ինչ-որ բան ասել նրանց կամ որ ասենք, ի՞նչ պտի անեն, ոչ մի բան. ո՞վ կասի, որ էդպիսի բան են անում”:
ԲՀԿ-ն քաղաքակիրթ քարոզարշա՞վ է տանում: “Բացարձակ”: Ոչ մի օգնություն, ոչ մի տնից-տուն ակցիա, ոչ մի սառնարան, ոչ մի լվացքի մեքենա: “Վա՞տ բան են անում, որ օգնում են ժողովրդին, ի՞նչ վատ բան եք տեսնում էդտեղ”: Ընտրակաշառք է համարվում, նաեւ փող եք առաջարկում: “Գիտե՞ք նման որեւէ դեպք”: Այո, ԲՀԿ շտաբից աղջնակ եկավ մեր տուն, մեր հեռախոսահամարը գրեց, ասաց, որ ավագանի Ջիվանը կզանգի-կպայմանավորվեք:
“Չկա նման բան, ոչ մի նման դեպք չի արձանագրվել, եթե նման դեպք կլինի, էն ժամանակ կասեք”: Իսկ որ ձեր շտաբի պետի ու նրա որդիների անունը կապվում է ինչ-ինչ պատմությունների հետ… հարցը չէինք ավարտել, երբ “պարզվեց”, որ նիստն սկսվել է, օգնականը պետք է նիստին մասնակցի”,-գրում է թերթը: