Հյուսիսային պողոտայում «Լապտերներ»-ը ֆլեշմոբ կանցկացնեն
Սեպտեմբերի 18-ին` ժամը 16:00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և «Լապտերներ» նախագիծը Հյուսիսային պողոտայում Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ֆլեշմոբ կներկայացնեն, որի ընթացքում նախագծի մասնակից նկարիչները «Լապտերներ» երաժիշտների կատարումների ներքո, կստեղծագործեն մեկ ընդհանուր կտավի վրա:
«Լապտերներ» նախագիծը ներկայացնում է 4-16 տարեկան հայ տաղանդավոր մանուկներին և պատանիներին արվեստի բոլոր բնագավառներում՝ նպատակ ունենալով նրանց ներկայացնելու հանրությանը և նրանց առջև բացելու հետաքրքիր, հարուստ և արվեստով հագեցած ապագա: Նախագծի անվանումը խորհրդանշական է: Նրա ակունքներում 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Նարեկացի Արվեստի Միությունում անցկացված «100 Լապտերիկներ» նախագիծն է, որի միջոցով 150 տաղանդավոր հայ մանուկներ և պատանիներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից իրենց տաղանդով և ներկայացրած արվեստի ճյուղերով ողջ տարվա ընթացքում վառեցին հիշատակի, ոգեկոչման և վերածննդի 100 լապտերիկներ՝ ցույց տալով աշխարհին, որ Ցեղասպանությունից 100 տարի անց հայի ստեղծարար գենը կենդանի է և շարունակում է վերածնվել և ստեղծագործել՝ ի արևշատություն Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության:
Հարուստ, մանուկների և պատանիների խինդով, տաղանդով ու լույսով ողողված այս նախագիծը, որն արդեն ունի բազմաթիվ համակիրներ, 2016 թվականին դարձել է անկախ նախագիծ և այսուհետև կոչվում է «Լապտերներ»:
25 տարին մեկ սերունդ է: Անկախության այս քառորդդարյա ժամանակահատվածում Հայաստանում և Արցախում մեծացել է անկախության առաջին սերունդը, որը անկախ հայրենիքից զատ, այլ հայրենիք չի ճանաչում: 2016 թվականի նախագիծը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարելիցին և կրում է «Անկախության սերունդ, ազատ մանկություն» խորագիրը:
Կապմեզհետ
ՆելլիԱվետիսյան
093 70 82 60