Մահացել է
Կյանքից հեռացել է դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Զարուհի Խանջյանը:
ՀՀ մշակույթի նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին, 52 տարեկանում կյանքից հեռացել է դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Զարուհի Խանջյանը:
Զարուհի Խանջյանը ծնվել է 1964 թվականին, Երևանում: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի և ջութակահար, մշակույթի գործիչ Հակոբ Խանջյանի թոռնուհի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Դավիթ Խանջյանի դուստր Զարուհին դարձավ Խանջյանների ընտանեկան ավանդույթների արժանավոր ժառանգորդը:
Փայլուն առաջադիմությամբ ավարտելով Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, նա ուսումը շարունակել է Սվետլանա Նավասարդյանի դասարանում՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ապա՝ ուղեգրվել Մոսկվայի կոնսերվատորիայի ասպրիանտուրա՝ ուսանելու պրոֆեսոր Վերա Գորնոստաևային: 1990-ական թվականների սկզբից մինչ օրս Զ. Խանջյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ համատեղելով մանկավարժական և համերգային գործունեությունը: Նույն տարիներին նրա նախաձեռնությամբ ստեղծվել է դաշնամուրային եռյակ, որի կազմում Զարուհի Խանջյանը հանդես է եկել ջութակահարներ Սուրեն Բագրատունու և Մովսես Պողոսյանի հետ: Վերջին տարիներին Զարուհի Խանջյանը
ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականն էր: Զարուհի Խանջյանը շնորհաշատ երաժիշտ էր, փորձառու մանկավարժ, նվիրված գործընկեր, հոգատար անձնավորություն: Նա արժանիորեն վայելում էր իրեն շրջապատող մարդկանց սերն ու հարգանքը:
ՀՀ մշակույթի նախարարությունը խորապես սգում է նվիրյալ ու անձնուրաց գործընկերոջ կորուստը և ցավակցում հանգուցյալի հարազատներին ու մտերիմներին:
Զարուհի Խանջյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 13–ին,Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18.00-20.00- ն: Վերջին հրաժեշտը՝սեպտեմբերի 14-ին, ժամը 11.30-13.00- ն, Կոնդի ՍուրբՀովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):