Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2016-2017 թթ. համերգաշրջանն ազդարարվել է ս. թ. սեպտեմբերի 12-ին` Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով, որն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ
/գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Չաուշյան/:
Փառատոնը կանցկացվի ս. թ. սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ը, Արամ Խաչատրյան համերգասրահում. համերգների սկիզբը՝ ժամը 19:00-ին: Փառատոնի բացման երեկոյի ընթացքում հնչել է Ա. Դվորժակի ջութակի կոնցերտը` գերմանացի հայտնի ջութակահար Վիվիան Հագների կատարմամբ: Փառատոնը կեզրափակվի Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի համերգային կատարմամբ. գլխավոր դերում՝ Ջանպիերո Ռուջերի (բարիտոն, Իտալիա):
Փառատոնային ծրագիրը կներառի 10 սիմֆոնիկ և 3 կամերային համերգ: Փառատոնի ընթացքում կկայանա նաև դաշնակահար Նարե Արղամանյանի մենահամերգը: Ավանդույթի համաձայն` կանցկացվեն հոբելյանական երեկոներ, վարպետության դասեր. ս. թ. սեպտեմբերի 20-ին` «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնադրամի 95-ամյակին նվիրված համերգին հանդես կգան հայտնի երաժիշտներ Սերգեյ Խաչատրյանը (ջութակ) և Նարեկ Հախնազարյանը (թավջութակ): Այս տարի համերգներ կնվիրվեն Լևոն Չաուշյանի 75 և Առնո Բաբաջանյանի 90-ամյա հոբելյաններին:
Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի և արտերկրի շուրջ երեք տասնյակ անվանի երաժիշտ-կատարողներ` ջութակահարներ Դայշին Կաշիմոտոն (Ճապոնիա), Անուշ Նիկողոսյանը, Բորիս Բրովցինը (Ռուսաստան), թավջութակահարներ Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), Յան Ֆոգլերը (Գերմանիա), Բորիս Անդրիանովը (Ռուսաստան), դաշնակահարներ Անահիտ Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), Լուսինե Խաչատրյանը (Գերմանիա), Ֆիլիպ Կասարը (Ֆրանսիա), շեփորահարներ Կիրիլ Սոլդատովը (Ռուսաստան), Սերգեյ Նակարյակովը (Ռուսաստան) և ուրիշներ: Փառատոնն այս տարի առանձնանում է հատկապես հրավիրյալ մեծանուն դիրիժորներով՝ Կիրիլ Կարաբից (Ուկրաինա), Դմիտրի Յուրովսկի (Գերմանիա): Փառատոնի հյուրերի թվում է նաև Մարկ Թարդյուն, ով Գերմանիայի Ենա քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է. վերջինիս ղեկավարությամբ, հոկտեմբերի 3-ին կկայանա Ենայի և Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբերի համատեղ համերգը:
Ուշագրավ է, որ այս տարի առաջին անգամ միջազգային երաժշտական փառատոնն իր ծրագրերը կներկայացնի Արցախում. ս. թ. սեպտեմբերի 26-ին, Ստեփանակերտի Երիտասարդության պալատում կկայանա համերգ՝ Ալեքսանդր Չաուշյանի և Նարե Արղամանյանի մասնակցությամբ: Համերգի հաջորդ օրը, հրավիրյալ մենակատարները վարպետության դասեր կանցկացնեն Արցախի երիտասարդ երաժիշտների համար: