23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վիեննայում, Չեխիայում, Սլովակիայում եւ Բաթումիում

Ապրիլի 24-ին Վիեննայում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ: Ավստրիայի հայկական կազմակերպությունների եւ ավստրիական հասարակայնության ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին Վիեննա քաղաքի կենտրոնում՝ Ֆրիդրիխ Շիլլերի հրապարակում, տեղադրված ավստրիացի գրող եւ մեծ հայասեր Ֆրանց Վերֆելի հուշարձանին:

Երեկոյան Վիեննայի Հայ առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի:Պատարագի ավարտին` Ավստրիայում Հայաստանի դեսպանության, Վիեննայի հայկական կազմակերպությունների՝ Եկեղեցական վարչության, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության, Հայ ուսանողների միության, “Արարատ” սպորտային միության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում վեր խոյացող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ելույթով հանդես եկավ Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու եկեղեցական վարչության նախագահ Հայկ Ազենբաուերը, ով ներկայացրեցվարչության այս տարվա նախաձեռնությունը. վարչությունը ձեռք է բերել գերմանացի կինոռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի 2010թ.-ին նկարահանած “ԱՂԵՏ” փաստավավերագրական ֆիլմի 300 օրինակ եւ, Հայոց ցեղասպանության 98-ամյակը խորհրդանշող համապատասխան փաթեթավորմամբ, ցեղասպանությունը ճանաչելու նամակ-հորդոր է հղել Ավստրիայի քաղաքական, լրատվական եւ մտավորական շրջաններին: Ֆիլմի նախադիտում-պրեմիերան Ավստրիայում տեղի էր ունեցել նախորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 97-ամյակի ոգեկոչման շրջանակներում, Ավստրիայում ՀՀ դեսպանության, եկեղեցական վարչության եւ Վիեննայի Künstlerhauskino-ի տնօրինության նախաձեռնությամբ:

Այնուհետեւ Հայոց ցեղասպանության եւ մոտեցող 100-ամյա տարելիցի խորհրդի շուրջ ելույթով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային արձագանքներին, ցեղասպանության հետեւանքների հաղթահարման, արդարության վերականգնման, Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման, ինչպես նաեւ հայկական սփյուռքի կառույցների հզորացման, Հայաստանի ու արտերկրում ՀՀ դեսպանությունների հետ այդ կառույցների համագործակցության ակտիվացման խնդիրներին:

 

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 19-ին Բրատիսլավայում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որին մասնակցեցին եւ ելույթներ ունեցան Սլովակիայի հայ համայնքի եւ ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին, Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը, Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն։ Այնուհետեւ Բրատիսլավայի Սուրբ Կատարինա մատուռում Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ Տիրան աբեղա Պետրոսյանը եւ Չեխիայի, Սլովակիայի ու Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվը կատարեցին հոգեհանգստյան կարգ եւ ժամերգություն, որին հետեւեց  Պրահայում ՀՀ դեսպանության հյուպատոս Դավիթ Ղուկասյանի ելույթը:

 Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչվեց Չեխիայի Յիհլավա եւ Բռնո քաղաքներում։ Յիհլավայի “ՈՒրարտու” հայ-չեխական ընկերության ջանքերով բացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես, որից հետո Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի եւ “Ուրարտու” ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանի կողմից ծաղկեպսակներ դրվեցին Չեխիայում առայժմ միակ՝ Յիհլավայի հայկական խաչքարի մոտ։ Այնուհետեւ Սուրբ Հոգու եկեղեցում հոգեհանգստյան կարգ կատարեց եւ քարոզչական աղոթքով հանդես եկավ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Դեսպան Տիգրան Սեյրանյանն իր խոսքում անդրադարձավ Օսմանյան կայսրությունում 98 տարի առաջ իրականացված ոճրագործություններին, մինչ օրս Թուրքիայի կողմից շարունակվող ժխտման եւ ուրացման քաղաքականությանը։ Նա նաեւ երախտագիտության խոսքեր հղեց այն օտար գործիչներին, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը եւ ընդունում ու հարգում են հայ նահատակների հիշատակը։ Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը Երեւան կատարած այցի շրջանակներում ապրիլի 11-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, նաեւ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, ուր հետեւյալ գրառումն է կատարել թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. “Շուտով կլրանա հարյուր տարին այն սարսափների, որոնք տեղի ունեցան: Սա միայն ձեր պատմությունը չէ, այլ ամբողջ մարդկության”:

Նույն օրը Չեխիայի երկրորդ քաղաք Բռնոյի եկեղեցում Հայր Բարսեղ Փիլավչյանը մատուցեց հոգեհանգստյան կարգ եւ հանդես եկավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քարոզով։ Ապրիլի 24-ին դեսպան Սեյրանյանը եւ մի խումբ չեխահայեր ծաղիկներ մատուցեցին անվանի գրող, “Մուսա լեռան քառասուն օրը” պատմավեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի կիսանդրու առջեւ: Հայ դիվանագետն իր խոսքում հայտնեց, որ այս տարի նշվում է պատմավեպի առաջին հրատարակության ութսունամյակը եւ կարեւորեց այս գեղարվեստական ստեղծագործության մեծագույն վավերագրական նշանակությունը: Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանն իր ելույթում նշեց, որ “Մուսա լեռան քառասուն օրը” վեպը չափազանց կարեւոր է նրանով, որ դրանում իրադարձությունները ներկայացվում են օտարազգի հրապարակախոսի կողմից:

Հարգանքի տուրք մատուցվեց նաեւ ԱՄՆ 28-րդ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր եւ Հայկական հարցի արդարացի լուծման ջատագով Թոմաս Վուդրո Վիլսոնի հուշարձանին, որից հետո Չեխիայի հայ համայնքը Պրահայի կենտրոնում կազմակերպեց  Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հանրահավաք-երթ, որին մասնակցեցին 250-ից ավելի չեխահայեր եւ չեխ համակիրներ:

Այնուհետեւ, Սուրբ Յեղիայի եկեղեցում սկսվեց Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումը, որին ներկա էին Չեխիայի խորհրդարանի անդամներ, ԱԳՆ աշխատակիցներ, Պրահայում հավատարմագրված մի շարք պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց ժամերգություն եւ կատարեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստյան կարգ, ինչպես նաեւ հանդես եկավ քարոզով: Այնուհետեւ ելույթ ունեցան ՀՀ դեսպանը եւ Չեխիայի խորհրդարանի սենատոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Յարոմիր Շտետինան: Վերջինս նշեց, որ պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի Չեխիան էլ խորհրդարանի մակարդակով միանա Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվին։

Ձեռնարկի ավարտից հետո դրա մասնակիցները տեղափոխվեցին հարեւանությամբ գտնվող չեխահայ նկարիչ Գոռ Ավետիսյանի InterArtGallery Gor ցուցասրահը, ուր դեսպանի եւ հայր Բարսեղ Փիլավչյանի մասնակցությամբ կատարվեց “Վերածնված Հայաստան” խորագրով Չեխիայի 16 հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

 

Ապրիլի 23-ին եւ 24-ին Բաթումում անցկացվեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներ: Ապրիլի 23-ին Բաթումի “Սուրբ փրկիչ”  եկեղեցում  աջարահայ համայնքի հոգեւոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան պաշտոն, որին հետեւեց բաթումահայ երիտասարդության կողմից կազմակերպված մոմավառությունը եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ: Հաջորդ օրը եկեղեցում տրվեց հոգեհանգստյան պատարագ: Այնուհետեւ բոլոր ներկաները հավաքվեցին  եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ, ուր կայացավ  զոհերի ոգեկոչման արարողություն: Իր քարոզում աջարահայ համայնքի հոգեւոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանն ընդգծեց,որ յուրաքանչյուր հայ պարտավոր է միշտ վառ պահել Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը եւ այդ պատգամը փոխանցել գալիք սերունդներին:Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն իր ելույթում, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու ժխտողականության հարցերին:

Ելույթ ունեցավ նաեւ Բաթումի ավագանու  նորընտիր նախագահ Իրակլի Չավլեիշվիլին, որն իր խոսքում դատապարտեց շուրջ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը, եղբայրական վրաց ժողովրդի կարեկցանքի խոսքերը բերեց հայ ժողովրդին: Ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին հայկական խաչքարի մոտ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ նահատակների:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ