Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը եզրափակիչ գոտեմարտում ոգևորել են Արթուր Ալեքսանյանին (լուսանկարներ)
Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգում երեկ գյումրեցի Արթուր Ալեքսանյանը դարձավ ոսկե մեդալակիր:
Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ ոգևորել է երեկ մրցագորգ դուրս եկած Արթուր Ալեքսանյանին եզրափակիչ գոտեմարտում:
Եզրափակիչ փուլում 24-ամյա ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 3:0 հաշվով հաղթեց կուբացի Դանիել Լուգո Կաբրերային և կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանը ներկայացնող մարզիկն օլիմպիական ոսկե մեդալ էր նվաճել 1996 թվականին Ատլանտայում կայացած խաղերում, երբ Արմեն Նազարյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի 52 կգ քաշային կարգում հաղթող էր դարձել: