Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունները` մեկ աշխատությունում
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանահավաք, ժողովրդագետ Վերժինե Սվազլյանն այսօր “Հենարան” ակումբում լրագրողերի հետ հանդիպմանը ներկայացրեց իր հերթական`”Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ” աշխատությունը, որն իրենից ներկայացնում է 700 միավոր պատմափաստագրական սկզբնաղբյուրային նյութ պարունակող հայերեն եւ անգլերեն հատորները:
Առաջին հատորում` “Պատմաբանագիտական ուսումնասիրություն” վերնագրված բաժնում հեղինակը ներկայացնում է ցեղասպանության ամբողջ ընթացքը` սկսած համիդյան ջարդերից մինչեւ արցախյան ազատամարտ:
Երկրորդ հատորում` “Պատմական սկզբնաղբյուրներում”, ներկայացված են վկայություններ:
Աշխատությունը շուտով լույս կտեսնի նաեւ թուրքերենով: Հայերեն եւ անգլերեն հատորների վերջում տեղադրված է նաեւ “Սվազլյան գերդաստանի հավատամքը” վավերագրական տեսաֆիլմը, որը նվիրված է Սվազլյան գերդաստանի ազգանպաստ գործունեությանը:
“Ինչպես ամեն մի հանցագործություն բացահայտելիս կարեւոր են վկաների ցուցմունքները, նույնպես եւ այս պարագայում պետք է հենվել ականատեսների վկայությունների վրա, որոնցից յուրաքանչյուրն իրավաբանական տեսակետից ապացուցողական նշանակություն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում”,-այս կերպ է մեկնաբանում աշխատության կարեւոր նշանակությունը հեղինակ Վերժինե Սվազլյանը` միաժմանակ նշելով, որ հնարավոր չէ ներկայացնել ցեղասպանություն վերապրածների սարսափը, որ զետեղվել է աշխատությունում:
“Հայերի ցեղասպանությունը նման չէ որեւէ ազգի ցեղասպանության. չի եղել որեւէ ցեղասպանություն, որի ժամանակ մարդու ներբաններին ձիու սմբակներ մեխեն, տառապանքն այստեղ այլ որակ եւ ծավալ ունի”,-պատմեց բանահավաքը: