15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լեւոն Տեր-Պետրոսյանի մանկության երազանքը. Իրատես de facto

2013 թ. քաղաքական կարեւորագույն իրադարձությունների շարքին պետք է դասել “Լեւոն Տեր-Պետրոսյանի 3-րդ գալուստը”: Հայաստանի անկախության պատմության մեջ դժվար է հիշատակել մեկ այլ անձի, ով համակարգված եւ նպատակասլաց կերպով փորձում է իր տեղն ու դերն ունենալ քաղաքական գործընթացներում` չունենալով ոչ հստակ գաղափարախոսություն, ոչ էլ հստակ գործունեության ծրագիր: Միեւնույն ժամանակ, անկախ Հայաստանի պատմության մեջ չկա ավելի տապալված եւ արժեզրկված գործիչ, որքան Տեր-Պետրոսյանն է:

Ժամանակին առաջին նախագահը տապալեց եւ արժեզրկեց պետական իշխանությունը` հիմք դնելով իշխանության նկատմամբ հասարակական անվստահությանը, որը շարունակվում է նաեւ մեր օրերում: Մինչդեռ 1994-ին ձեռք բերված ռազմական հաղթանակը կարող էր լրջագույն հիմք հանդիսանալ ազգային վերածննդի համար` բարձրացնելով ոչ միայն Տեր-Պետրոսյանի վարկանիշը որպես ՀՀ նախագահի, որպես ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի, այլեւ պետական իշխանության հեղինակությունը:
Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Տեր-Պետրոսյանը հենվեց նոր ստեղծվող օլիգարխների դասակարգի վրա եւ կազմակերպեց առաջին ընտրախախտումները: 1995 թ. սահմանադրական հանրաքվեն, խորհրդարանական եւ 1996 թ. նախագահական ընտրություններն ընթացան այնպիսի աղաղակող խախտումների պայմաններում, որ հասարակությունը վերջնականապես հիասթափվեց իշխանությունից: Հետեւանքը եղան համատարած քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ապատիան եւ արտագաղթը: Տեր-Պետրոսյանն այդ տարիներին ցուցադրեց տապալման եւ արժեզրկման եւս 2 կարեւոր “մաստեր-կլաս”:

 ՀՅԴ գործունեության կասեցումը Հայաստանում պատճառ հանդիսացավ սփյուռքի հետ կապերի խզման, քանզի ՀՀՇ ղեկավար Տեր-Պետրոսյանը, “թացը չորի հետ խառնելով”, ռեպրեսիվ ճանապարհով ազատվեց իր քաղաքական ընդդիմախոսներից եւ ազդակներ հղեց սփյուռքին, որ նրանց ֆինանսական եւ բարոյական աջակցությունը ոչ մի արժեք չունի Հայաստանի իշխանության համար: 
Հաջորդ “մաստեր-կլասն” ամենավտանգավորն էր:

Տեր-Պետրոսյանն առաջինն էր, ով հասարակական քննարկման թեմա դարձրեց տարածքների զիջման գաղափարն ու պարտվողական մոտեցումները: Կորցնելով հասարակական վստահությունը` առաջին նախագահը փորձում էր իշխանությունը պահել ազատագրված տարածքների զիջման գնով` հույս ունենալով, որ միջազգային հանրությունը կգնահատի նրա “կառուցողական” վարքագիծն ու կաջակցի ՀՀՇ-ին` պահպանելու իշխանությունը: Բարեբախտաբար, 1997-1998 թվականներին Հայաստանում գտնվեցին “հայտնի ուժեր”, որոնք թույլ չտվեցին հակառակորդին հանձնել ազատագրված տարածքներն ու Տեր-Պետրոսյանին պարտադրեցին հրաժարական տալ: Սակայն զիջումներն ու պարտվողական տրամադրություններն այդպես էլ մնացին եւ ժամանակ առ ժամանակ բորբոքվում են Տեր-Պետրոսյանին հարող ներքին եւ արտաքին շրջանակների կողմից: Մեր օրերում էլ «լեւոնական» մարգինալները համարում են, որ ճիշտը տարածքների հանձնումն է եւ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը, թեկուզ եւ խոսքն Արցախում բնակվող հայերի անվտանգության եւ հայ զինվորի արյունով ազատագրված տարածքների մասին է:

ՈՒշագրավ է, որ հրաժարականից հետո Տեր-Պետրոսյանն այդպես էլ չցանկացավ հեռանալ քաղաքականությունից եւ 10 տարի սպասեց հարմար պահի: 2007-2008 թվականների իրադարձությունները եւս տապալման եւ արժեզրկման դաշտից են: Առաջադրվելով նախագահի թեկնածու` Տեր-Պետրոսյանն ու նրա խումբը որդեգրել էին սոցիալական հեղափոխության, օլիգարխների դեմ պայքարի եւ քրեածին իշխանությունից ազատվելու մարտավարական գաղափարախոսությունը: 2008-ին հեղափոխությունը չհաջողվեց, իսկ Տեր-Պետրոսյանի ձեւավորած ՀԱԿ կուսակցությունների դաշինքն էլ բանակցությունների գնաց իշխանության հետ եւ տապալվեց: Արդյունքում ՀԱԿ-ը վերածվեց թիվ մեկ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի կուսակցության կցորդի եւ միայն օլիգարխիկ ֆինանսական միջոցների ներդրման, ինչպես նաեւ իշխանության բարի կամքով կարողացավ սողոսկել խորհրդարան եւ ունենալ խմբակցություն: Ի դեպ, ՀԱԿ խմբակցությունն էլ դատապարտված էր կործանման, քանզի Տեր-Պետրոսյանը նախընտրեց խմբակցության պատասխանատու նշանակել ոչ թե կենսունակ Նիկոլ Փաշինյանին կամ Հրանտ Բագրատյանին, այլ իր գլխավոր ֆավորիտ Լեւոն Զուրաբյանին:
Ինչեւէ, ՀԱԿ խմբակցությունից բացի, Տեր-Պետրոսյանը տապալեց նաեւ ՀԱԿ կուսակցությունների դաշինքն ու հին եւ բարի ՀՀՇ-ն:

Սեփական կարծիք ունեցող, սկզբունքներ ունեցող մարդիկ Տեր-Պետրոսյանին պետք չեն, ուստի եւ պետք էր նրանցից ազատվել` ճանապարհ բացելով “բուրժուա-դեմոկրատական”հեղափոխությանը, այսինքն` ԲՀԿ-ի հետ համագործակցությանը: Ստացվում է, որ 1988-ի շարժման արժեքների վերջնանպատակը օլիգարխների հետ համագործակցությունն էր, օլիգարխիկ դասակարգի պահպանումն ու բարգավաճումը: Ստացվում է, որ Տեր-Պետրոսյանի “մանկության երազանքը Վովա Գասպարյանի հետ աղոթելը չէր”, այլ Գագիկ Ծառուկյանի փողերից օգտվելն ու օլիգարխների աջակցությամբ իշխանության գալը: Սպասենք հերթական տապալմանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ