Դրամապանակի գողություն փողոցում. տեսախցիկը ֆիքսել է կասկածյալ կնոջը /ֆոտո/
Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը գողացած անձի ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2016 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում առերեւույթ հանցագործություն կատարած անձը քաղաքացու պայուսակից հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել է գումար, ոսկյա կախազարդ, ID քարտ, բանկային եւ այլ քարտեր:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի եւ 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է կարճաթեւ մոխրագույն շապիկ եւ սեւ ու սպիտակ նախշերով կիսաշրջազգեստ հագած մի կին, ով, ըստ քաղաքացու, հափշտակել է իր դրամապանակը: Կինը, ում ձեռքին երեւում է քաղաքացու հափշտակված դրամապանակը, նստում է տաքսի եւ հեռանում:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
«Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ: