Սերգո Կարապետյանն ընդունել է Ավստրիայի Զարգացման գործակալության ներկայացուցիչներին

Այսօր կայացած միջազգային գիտաժողովին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայկական զարգացման մի շարք գործակալությունների, Հայաստանի ռազմավարական զարգացման գործակալության ներկայացուցիչներից բացի, մասնակցում էին նաև Ավստրիայի Զարգացման գործակալության, ՔԱՐԴ հիմնադրամի, ՕՔՍՖԱՄ-ի և Միջազգային Զարգացման գործակալության ներկայացուցիչներ։
Գիտաժողովը նվիրված էր Ավստրիայի Զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացման հնարավորություններին։
Երեկոյան ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ընդունեց խորհրդաժողովի մասնակիցներ՝ Ավստրիայի Զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Գյունտեր Զիմմերին, նշված գործակալության Հարավային Կովկասի գործերի համակարգող Յոհան Բինդերին. Աղքատության նվազեցման և գյուղի զարգացման փորձագետ Մարիա Ռաբիչին։
Շնորհակալություն հայտնելով ավստրիական կողմին Հայաստանի գյուղատնտեսության զարգացման ծրագրերին օժանդակելու համար, նախարարը համառոտակի ներկայացրեց համագործակցության սպասելիքներ պարունակող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք արոտավայրերի արդյունավետ կառավարումը, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, անասնաբուծական ժամանակակից համալիրների ու կենտրոնների հիմնումն են։
Կողմերն անդրադարձան նաև գյուղատնտեսության համատարած հաշվառման և օրգանական գյուղատնտեսության զարգացման խնդիրներին։