Խորենացի փողոցի թեժացող կրքերը. աշխարհահռչակ ռեժիսորի կինը բերման ենթարկվեց
Արդեն 12-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։
Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, գիշերվա ընթացքում եւս միջադեպեր չեն գրանցվել: Նախօրեին ողջ օրվա ընթացքում ոստիկանները Խորենացի փողոցից բերման են ենթարկել բազմաթիվ քաղաքացիների, բոլոր նրանց, որոնք օրվա ընթացքում մոտենում էին ոստիկանական պատնեշին հարակից տարածքին:
Նշենք, որ երեկ հրավիրված հանրահավաքը Խորենացի փողոցից տեղափոխվեց Ազատության հրապարակ:
Հանրահավաքից առաջ բերման են ենթարկվել քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը , «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը բերման է ենթարկվել ԱԱԾ:
Բերման է ենթարկվել նաեւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը: Նրան պահել են ոստիկանության ներքին զորքերի զորամասում, մոտից խլել են հեռախոսը եւ շուրջ 3 ժամ հետո ազատ արձակել:
Ազատության հրապարակից ցուցարարները երթով շարժվել են Խորենացի փողոց, որտեղ նստացույց են սկսել: Այստեղ ոստիկանությունը նախորդ օրերից մի քանի անգամ ավելի շատ ուժեր էր կենտրոնացրել։ Ոստիկանները զինված էին վահաններով, մահակներով, սաղավարտներով։
Ի վերջո, որոշում է կայացվել նստացույցն ավարտել եւ հավաքվել հուլիսի 28-ի երեկոյան, Ազատության հրապարակում։