Երբ Սեֆիլյանը հանդիպի Սերժ Սարգսյանին, գլխավոր թեման չի լինելու նրա հրաժարականի պահանջը.Ալեք Ենիգոմշյան
«Երբ Ժիրայր Սեֆիլյանը հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, նա ասել է, որ այդ հանդիպման գլխավոր թեման չի լինելու Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այլ այս իրավիճակի հանգուցալուծման փորձերը»,- այսօր՝ հուլիսի 25-ին, Խորենացի փողոցում հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
«Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությունը բանակցային գործընթացին ամենաէական խնդիրն է: Բոլորից շատ նա կարող է ներդրում ունենալ իրավիճակի լիցքաթափման հարցում»,-ասել է նա:
Ենիգոմշյանի խոսքով՝ Սեֆիլյանը պահանջում է հանդիպում «Սասնա ծռեր»-ի տղաների եւ նաեւ Սերժ Սարգսյանի հետ՝ քննարկելու այս իրավիճակից դուրս գալու միջոցները. «Սեֆիլյանը միայն ասել է, որ եթե հնարավորություն ունենա հանդիպել տղաներին, մոտիկից հասկանալ նրանց մտադրությունները, դրանից հետո հանդիպի Սերժ Սարգսյանի հետ: Այն պահին, երբ նա հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, այդ հանդիպման գլխավոր թեման, ասել է, չի լինելու Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այլ այս իրավիճակի հանգուցալուծման փորձերը»:
Նշենք, որ հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցում՝ զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։
Նախօրեին ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը եւ վառվող մեքենան դուրս բերել փողոց: Ենիգոմշյանը հայտարարել է, որ մեքենան այրելը բողոքի նշան էր, քանի որ զինյալներին զրկել են ուտելիքից, բժշկական օգնությունից, անջատել են գնդի էլեկտրամատակարարումը։ Այդուհանդերձ, ըստ նրա, բանակցությունները շարունակվում են:
Հուլիսի 23-ին զինված խումբ ազատ է արձակել վերջին 4 պատանդներին, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: