Կվերաբացվի գյուղմթերքի երկրորդ տոնավաճառը
ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարեւանությամբ) հուլիսի 23-ին կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:
Գյուղնախից հայտնում են, որ տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին:
Այս տարի Կասյան փողոցի վերջնամասում գործող տոնավաճառը վերաբացվել է հունիսի 11-ին: Բացման պահից մինչ օրս այստեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ, որին մասնակցել են 1740 գյուղացիական տնտեսություններ: Օրական իրացվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:
Տոնավաճառին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաեւ հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ եւ սայլակներ:
Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից, գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են:
Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Տոնավաճառի ավարտին կազմակերպվում են տարածքի մաքրման աշխատանքներ: