Ռուսաստանի հայերի միությունը Սերժ Սարգսյանի կողքին է. Արա Աբրահամյան
Ռուսաստանի հայերի միությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարություն չեն արել՝ ի պաշտպանություն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց միության նախագահ Արա Աբրահամյանը: ՛՛Մենք այդ հայտարարությունը չենք արել, Հայաստանի իշխանություններն իմ վրա ճնշում չեն գործադրել՛՛,-ասաց Աբրահամյանը: Ավելին, բանախոսը հավելեց, որ իրենք, ինչպես միշտ, այնպես էլ հիմա պաշտպանում են երկրի նախագահ Սերժ Սագսյանին, և նախագահի կողքին են:
՛՛Մեր երկիրը մեր հպարտությունն է, Սերժ Սարգսյանը մեր նախագահն է, ես պետականությունը հարգում եմ, սա մեր հայրենիքն է, լավն էլ է մերը, վատն էլ՛՛-,ընդգծեց բանախոսը: Ըստ նրա՝ բոլորս էլ մասնակցում ենք այսօրվա սոցիալական-հասարակական կյանքին և երկրում ծագած խնդիրների համար պետք չէ կոնկրետ որևէ մեկին մեղադրել:
՛՛Դա շատ վատ դեպք է, պատիվ չի բերում ոչ մեկիս: Մենք պետք է մի քիչ համբերություն ունենանք, տեսնենք ինչպես կզարգանա՛՛,-անդրադառնալով Օսկանյանի դեմ հարուցված մեղադրանքին՝ նշեց Աբրահամյանը:
Լրագրողները Արա Աբրահամյանից հետաքրքրվեցին նաև, թե արդյոք այսօր դիտելու է Հայաստան-Իտալիա խաղը : ՛՛Իհարկե, դիտելու եմ և սպասում եմ, որ պետք է մենք հաղթենք՛՛,-պատասխանեց Աբրահամյանը: