Կուրթանում 23-ամյա երիտասարդը դանակահարելով սպանել է իր անչափահաս ազգականին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի անչափահաս բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ավելի վաղ նշվել էր, որ 2015թ. օգոստոսի 28-ին «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ էր ստացվել, որ նույն օրը «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով» նշված բժշկական կենտրոն է ընդունվել Լոռու մարզի բնակիչ, 16-ամյա Վարդան Գեւորգյանը, ով գիտակցության չգալով` մահացել է:
Սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Վ.Գեւորգյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը պատճառել է նրա ազգական Սեյրան Գեւորգյանը` տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գեւորգյանները վիճաբանել են, որի ընթացքում 16-ամյա տղան հարվածել է 23-ամյա Ս.Գեւորգյանին: Վերջինս իրեն հարվածելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով իր հետ նախապես վերցրած դանակով հարվածել է Վ. Գեւորգյանի որովայնի ձախակողմյան առաջնային մասին՝ պատճառելով թափանցող վնասվածք՝ ձախ արտաքին զստային զարկերակի վնասումով։ Ստացված վնասվածքից 15-ամյա տղան մահացել է։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: