Պետք չէ կողքից խանգարել. Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի մասին
«Ամեն մարդ իր կատարածը կատարել է արդեն, ԶՈՒ ղեկավարությունն իր առջեւ դրված խնդիրները կատարում է եւ պետք չէ փորձել կողքից խանգարել»,-այսօր՝ հունիսի 29-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողի հարցին, թե արդյոք հայոց բանակում Սամվել Բաբայանի կարիքը կա՝ այսպես արձագանքեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը :
«Առհասարակ, ես խորհուրդ կտամ մեր ժողովրդին, մեր հասարակությանը, որ ամեն մեկն իր գործով զբաղվի: Պետք չեն տարբեր տիպի վերլուծություններ, կլոր սեղաններ, հանդիպումներ, որոնք այս կամ այն ժամանակահատվածում գաղտնիքներ են բացահայտում. ռազմական գաղտնիքի բացահայտումը նշանակում է ջուր լցնել հակառակորդի ջրաղացին: Բանակի ղեկավարությունը գիտի՝ ինչ անել, որտեղ ինչպես պլանավորում իրականացնել»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ հունիսի սկզբին Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ Սամվել Բաբայանը վերադարձել էր Ստեփանակերտ: Նրա համախոհները պահանջում էին Արցախի իշխանություններին Պաշտպանության նախարար նշանակել հենց Բաբայանին: