Պարզ ասե՛ք, որ այս համաձայնագրի շրջանակում չի խոցվելու ադրբեջանական ինքնաթիռ. Փաշինյան
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:
Նախագծի հիմնական զեկուցողին՝ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին, հացեր ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և բարձրացրեց կործանիչ ավիացիա չունենալու մասին խնդիրը:
«Ինչո՞ւ մենք չունենք կործանիչ ավիացիա, 25 տարվա պետությունները հարցեր են հնչեցնում, թե կարո՞ղ է արդյոք անհրաժեշտ իրավիճակում համակարգը չգործել: Ես ուզում եմ այդ հարցն ավելի ուղիղ տամ` Դուք հիմա ակնարկում եք, որ ՌԴ-ն ունի կործանիչ ավիացիա, հակաօդային համակարգեր, և անհրաժեշտության դեպքում մենք էդ համակարգերը կարող ենք օգտագործել: Ուղիղ հարց եմ ուզում տալ, եթե ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանությունից հրաման լինի ռուսական էսկադրիլիային օդ բարձրանալ, իսկ ՌԴ-ից հրաման լինի՝ պետք չի, ինքնաթիռներն օդ կբարձրանա՞ն, թե` չէ»,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան պատգամավորի` Արա Նազարյանն ընդգծեց, որ կործանիչ ավիացիա չունենալը հնարավորությունների խնդիր է. «Որ հնարավորություն լիներ, բնականաբար, կունենայինք», – ասաց Նազարյանը:
«Պարզ ասե՛ք, որ այս համաձայնագրի շրջանակում չի խոցվելու ադրբեջանական ինքնաթիռ, նախատեսված է օրինակ` չորրորդ, հինգերորդ համաշխարհային պատերազմի դեպքերի համար, որտեղ ՀՀ-ն որևէ հետաքրքրվածություն մեծ հաշվով չունի», – շարունակեց Փաշինյանը:
«Հարցը տարբեր բևեռներից էր խոսում, ուստի` հարցն այնքան էլ հասկանալի չէր», – արձագանքեց Նազարյանը: