ԲՀԿ-ի ոտքերն ու մարմնի մասերը ապահով Հայաստանում են. Ժամանակ
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ապրիլի 9-ին տեսան, թե ինչ է նշանակում ապահով Հայաստան, երբ քաղաքացուն ծեծում էին ոստիկանները` երթ անելու օրինական իրավունքը իրացնելու համար: ԲՀԿ-ական պատգամավորի այս դիտարկումը միանգամայն իրավացի է եւ պարզապես դժվար է չհամաձայնել նրա հետ:
“Ապահով Հայաստանը մինչեւ այնտեղ է, որտեղ իշխանությունները գծում են սահմանը եւ եթե որեւէ մի քաղաքացի փորձում է անցնել այդ սահմանը, ապա նրան դիտարկում են որպես սահմանախախտ եւ ենթարկում պատժի: Հայաստանի իշխանությունները հայաստանյան պետական սահմանների հանդեպ երեւի այնքան ուշադիր չեն, որքան իրենց գծած իշխանական վարչահրամայական սահմանների հանդեպ:
Եւ պետական սահմանները եթե հանձնված են Ռուսաստանի պահպանությանը, ապա իշխանության սահմանները նրանք չեն վստահի ոչ մեկին: Սակայն ապրիլի 9-ին երեւաց ոչ միայն “ապահով Հայաստանի” ինչ լինել չլինելը, այլ նաեւ “այլընտրանքային Հայաստանը”, որը խոստանում են ԲՀԿ-ականները:
Այսինքն` ապրիլի 9-ին ԲՀԿ-ն մի ոտքով մարզահամերգային համալիրում հավաքված ապահով Հայաստանում էր, իսկ մյուս ոտքով էլ արտասահմանում եւ ոչ մի ոտքով ժողովրդի կողքին չէր, ինչի մասին հայտարարում էր: Համենայնդեպս, երբ ոստիկանները ծեծում էին իրենց օրինական իրավունքը իրացնել ցանկացող քաղաքացիներին, այսօր նրանց մասին մտահոգ բհկ-ականներից ոչ ոք չկար այդ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու` երթ անելու ժողովրդի իրավունքը պաշտպանելու համար ժողովրդի կողքին:
Եթե գոնե ԲՀԿ-ն մի ոտքով Սերժ Սարգսյանի երդմանը մասնակցեր, իսկ մյուս ոտքով գար եւ ժողովրդի կողքին կանգներ` թույլ չտալով ոստիկաններին ծեծել մարդկանց, ապա սա մի կերպ հնարավոր կլիներ հասկանալ: Սակայն ԲՀԿ-ի երկու ոտքերից եւ ընդհանրապես մարմնի մասերից որեւէ մեկը ապրիլի 9-ին ժողովրդի կողքին չգտնվեց: Եւ շատ պարզ պատճառով. ժողովրդի կողքին լինելը Հայաստանում ապահով չէ, իսկ ԲՀԿ-ն ապահով այլընտրանք է: