Եթե մենք ճիշտ օգտագործենք Պապի այցը, կհանրահռչակենք նաև մեր մշակույթը. Վարդան Դևրիկյան /վիդեո/
«Կաթոլիկ առաջնորդի այցը Հայաստան մեր երկրի համար լրացուցիչ հանրահռչակում կլինի: Պակաս կարևոր չէ նաև «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսը, որը ենթադրում է ՝ Պապը Հայասստան գալիս է ուխտի: Այնպես որ, եթե մենք ճիշտ օգտագործենք Պապի այցը, կհանրահռչակենք նաև մեր մշակույթը»,- լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին անմեղ զոհերի հիշատակին Հռոմի պապի մատուցած պատարագին և դրա հետևանքներին՝ Վարդան Դևրիկյանը նշեց՝ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը բարոյական բարձր քայլ կատարեց՝ աշխարհին ցույց տալով, որ բարոյականությունը հաճախ ավելի կարևոր է, քան պրագմատիկ քաղաքականությունը:
«Եթե նա այսպես չմտածեր, Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ չէր մատուցի, կառաջնորդվեր քաղաքական շահերով՝ սատարելով Թուրքիային: Սակայն նա նման բան չարեց»,- ասաց բանախոսը: