08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ով ով է. քաղաքապետացուները /վիդեո/

Ապրիլի 7-ին մեկնարկում է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում գնահատեց ընտրություններին մասնակցող վեց կուսակցության և մեկ դաշինքի, նրանց առաջին ”համարների” հնարավորությունները:

ՀՀԿ-ի ցուցակը, որտեղ ընդգրկված է 195 հոգի, գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ”Երևանցիները ցանկանում են, որպեսզի քաղաքի ղեկավարը լինի մարդ, ով իր յոթը պորտով կլինի երևանցի և քաղաքը ճանաչող, քաղաքի հոգսերը հասկացող, հոգսերին մասնակից, ինչպիսին Տարոնն է:

Իմ վաղամեռիկ ընկերոջ որդին է: Մենք մահվան աչքերի մեջ միասին ենք  նայել: Ես հպարտացել եմ իր աշխատանքով Ավանում”,-Մարգարյանի մասին ասաց Հովհաննիսյանը, միաժամանակ նկատելով, որ Մարգարյանը քաղաքը բավականին խնդիրներով լի վիճակում է ստացել և դժվար է բոլոր խնդիրները միանգամից լուծել: ”Քաղաքի ժառանգությունը, որ ստացել է քաղաքապետարանի աշխատանքի կազմակերպման առումով, ենթակա է լուրջ սրբագրումների, ինչը դժվար է”,-նշեց քաղաքագետը:

ԲՀԿ-ի 194 անձից բաղկացած ցուցակը գլխավորում է նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը: Քաղաքագետը համոզված է, որ եթե անգամ ԲՀԿ-ը հաղթի, միեւնույն է Օսկանյանը չի դառնա քաղաքապետ:

Այդ տեղը կզիջվի ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին, ով ցուցակում երկրորդն է: Սակայն Հովհաննիսյանը նաև վստահ է, որ ԲՀԿ-ը չի կարող շատ ձայներ հավաքել, քանի որ իր ընտրազանգվածին կորցրել ու հիասթափեցրել է` չմասնակցելով նախագահական ընտրություններին: 

”ԲՀԿ-ում այսօր միակ դասական ոճի հրապարակային քաղաքական գործիչը Օսկանյանն է: Մարդ է, ով ունի քաղաքագիտական կրթություն, նրան պիտի դնեին առաջին համար, նա տանիքն է: Ես վստահ եմ, որ Վարդան Օսկանյանը, իհարկե,  ԲՀԿ-ը չի կարող մեծամասնություն ստանալ, բայց տեսականորեն եթե ստանա, դա հաստատ Օսկանյանը չի լինի”:

ՀԱԿ-ի  ցուցակում 42 հոգի են ընդգրկված, իսկ ցուցակը գլխավորում է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Ըստ քաղաքագետի` ՀԱԿ-ը Խաչատրյանին գրանցել է առաջին համար, քանի որ նա նախկին քաղաքապետ է եղել և իր քաղաքապետ եղած տարիներին կարողացել է ներդաշնակություն ապահովել քաղաքապետարանում:

”Նա ոչ միայն քաղաքապետ է եղել, այլև այն քաղաքապետն էր, չնայած բավական սուր էին հարաբերությունները Լևոն Տեր-Պետրոսյանի ու ՀՅԴ-ի միջև, քաղաքապետարանի մակարդակով կարողացել է կազմակերպել ներդաշնակ աշխատանք, բայց մյուս կողմից` ՀԱԿ-ի շանսերը շատ թույլ են”,-բացատրեց Հովհաննիսյանը: ՀԱԿ-ի հնարավորությունները քիչ են այն նույն պատճառով, որի մասին արդեն ասացինք ԲՀԿ-ի դեպքում: 

”Բոլորին պարզ է, որ եթե գոնե միայն ՀԱԿ-ը մասնակցեր նախագահական ընտրություններին, երկրորդ փուլը կդառնար անխուսափելի, բողոքական ընտրողի աչքերում նրանք ուժեր են, որ չկարողացան դուրս գալ երկրորդ փուլ: Նրանց դասալքությունը բերեց նրան, որ կարգի հրավիրողը եղավ Րաֆֆին”:

ՀՅԴ-ի ցուցակը, որտեղ ընդգրկված է 65 անձ, գլխավորում է ՀՅԴ ԳՄ անդամ, խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ”Այս դեպքում ևս նույնը կարող եմ ասել, որ ավագանու ընտրությունների վրա իր դրոշմը դնելու է նախագահական ընտրությունների ընտրարշավը”,-շեշտեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Ռուստամյանին, ապա նրան ներկայացնելով որպես առաջին համար` ՀՅԴ-ն ցույց է տալիս, որ մեծ կարևորություն է տալիս ավագանու ընտրություններին` որպես ռեաբիլացման միջոց: ”Դա լրացուցիչ պատասխանատվություն է  դնում Արմենի վրա և նրան չեմ նախանձում: ”Սիզիփյան” բեռ է լինելու, մեծ դժվարություն է նրա վրա”: 

”Ժառանգությունը” միակ ուժն է, որ այս ընտրություններին մասնակցում է ”Բարև Երևան” դաշինքի` 64 հոգուց բաղկացած ցուցակով, որը գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը: Մեր զրուցակիցը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ արեց, որ որոշեց չգլխավորել ցուցակը, սակայն ավելի ճիշտ կլիներ, եթե այդ ցուցակը գլխավորեր քաղաքացիական սեկտորից որևէ ներկայցուցիչ:

”Ճիշտ արեց Րաֆֆին, սահմանազատվեցին այս ընտրությունները, բայց դա բավարար չէ, եթե նա համայնք առ համայնք շրջի ու պրոպագանդի այդ ցուցակը, ինչից չի կարողանա խուսափել, այդ սահամանազատումը ի ճիգ կլինի: Նա ընդհանարպես պետք է անձնապես չզբաղվի քաղաքապետի ընտրություններով: Լավ կլիներ, որ ցուցակը ղեկավարեր քաղաքացիական սեկտորի որևէ ներկայացուցիչ, որպեսզի ընդգծվեր, որ առաջնային են համարում նախագահական ընտրությունների արդյունքը”: 

ՕԵԿ-ի 105 հոգանոց ցուցակը գլխավորում է ԱԻՆ Արմեն Երիցյանը: Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ պատահական չէ այդ ընտրությունը: ”Հին երևանցի եմ հիշում որպես Արմեն Երիցյանին, որ իննսունհինգ թվին հրապարակում Վանոյի հրահանգով հավաքում էր ժողովրդին, կուտակում` ի պաշտպանություն Լևոն Տեր-Պետրոսյանի, հիշում եմ նրան` կաշվե բաճկոնով այդ ժողովրդի մեջ կազմակերպչի դերում. նա ունի կազմակերպչական ջիղ”:

”Այն, որ դրել են Երիցյանին, ճիշտ հաշվարկ են արել, նա վարչական ռեսուրսը ներկայացնող գործիչ է, միշտ ունեցել է վարչական լծակներ: Իրենք իրատեսորեն են գնահատում իրենց շանսերը` հասկանալով, որ այնքան սուր մրցակցություն է լինելու բողոքավոր ընտրազանգվածի ձայների համար, որ այդ հատվածից ՕԵԿ-ը չի կարողանալու ձայն հավաքել”:

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի հնարավորություններին, ապա, Հովհաննիսյանի խոսքով, եթե ՀՀԿ-ն որոշի, ՕԵԿ-ը ներկայացված կլինի ավագանու ընտրություններում: ”Լևոնի արտահայտությունն է` եթե ՀՀԿ-ն որոշեց իր կույր աղիքի հետ կիսվել, ապա ՕԵԿ-ը գուցե կարողանա”: 

Քաղաքագետների միության նախագահը գրեթե չի ճանաչում նորաստեղծ ”Առաքելություն” կուսակցությանը, սակայն  ասում է, որ նրանք նորելուկներ են, ում պետք է խրախուսել ու քաջալերել: 

”Առաքելության”  29 անձից բաղկացած ցուցակը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը:

Հիշեցնենք, Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ