Խնդրում են հիշել`կին ենք.դատապարտյալ կանայք` պատգամավորներին /վիդեո, ֆոտո/
Գեղեցկություն, մայրություն, տոն, ծաղիկներ….
Ավարտվում է գեղեցկության եւ մայրության միամսյակը: Մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը մենք` տղամարդիկս մեր սիրելի կանանց, մեր շրջապատում գտնվող գեղեցկուհիներին առիթ ունեցանք շնորհավորելու, մաղթանքներ, ծաղիկներ նվիրելու:
“Իսկ մտածել են ուրիշները, որ փակի տակ կին կա, որ անազատության մեջ գտնվող կանայք քնքշանքի կարիք ունեն, հիշո՞ւմ են մեզ”,-Henaran.am –ի հետ զրույցում հարցրեցին “Աբովյան” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ կանայք:
Ճիշտ է, նրանք շնորհակալ են տնօրինությանը, քրեակատարողական վարչությանը` իրենց օրերը գեղեցիկ եւ հագեցած դարձնելու համար, բայց դե կարոտում են ազատությունը: Գիտեն` մեղավոր են, բայց օրենսդիր մարմնից խնդրում են օրենքներ գրելիս հաշվի առնել ԿԻՆ են:
Կին` իր հզորությամբ, կին` իր թուլություններով, կին` իր քմահաճույքներով, կին` իր գայթակղություններով: Դատապարտյալ կանանց խոսքով, հենց հանցավոր գայթակղությունն է նրանց հանել հունից: Ինչո՞ւ ավել փող չունենանք, ինչու նա պիտի թթու խոսք ասի ինձ…
Հիմա հասկացել են, փոխվել են, բայց դեռ 2 տարի, 7 տարի, 5 տարի պիտի մնան փշալարերից այն կողմ` զրկելով իրենց կանացի երջանկությունից, երեխային գրկելու գորովից, ամուսնուն փարվելուց եւ քնելուց…
Հայր Ռուբենն է հորդորում` աղոթեք, ոչ միայն ֆիզիկական, այլ հոգեւոր ազատություն է մաղթում այս կանանց….
Ձեզ եմ խնդրում` մով սարեր, զով սարեր` մանկությունս հետ բերեք.
ԱՄՆ-ից ժամանած երգիչ Գեւորգ Չաքմանյանն է երգում անազատ կանանց համար եւ նրանք տեղափոխվում են իրենց տները, իրենց ընտանիքները: Հուզվում են, բայց չեն լացում, դե` ճակատագիր է: Սրան էլ կդիմանան:
Ձայնակցում են երգչին, հա, պարում են` ի՞նչ անենք:
Հասկացեք` մարդ ենք, կին ենք` հա բարդ ենք, բայց…
Սարի ճամփան ալ ու ալվան, յայլաները շարվեշարան…
Էլի կարոտեցին, հիմա համերգասրահներում եւ սրճարաններում կլինեին, բայց այստեղ էլ ծաղիկներ` տնօրինությունից. իրենց էլ են սիրում, փայփայում այստեղ..
Կաթնաղբյուրի զուլալ ջրով զովացած ջիգյարիդ մեռնեմ…
Երգն է հնչում` ջիգյարները կհովանան էն ժամանակ, երբ ազատության մեջ կլինեն, իսկ հիմա դուռն է փակվում: Բայց ոչ հավերժ, մի օր բացվելու ակնկալիքով եւ Կաթնաղբյուրի ջուրը վայելու ցանկությամբ…
Դիտեք նաեւ տեսանյութը:
“Աբովյան” ՔԿՀ-ից հետաքրքիր այլ հոդվածները` առաջիկայում:
Henaran.am-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանին: