Մեծ Եղեռնի 98-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի կունենան Նիդերլանդներում
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) “Նիդերլանդական օրագրին” տեղեկացնում է, որ Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 19-ից:
Այդ օրը, ժամը 20-ին, Հաագայի Մեննոնական եկեղեցում համերգով հանդես կգան հոլանդական “Armeens Oratorium” երգչախումբը , Խաչատուր Ավետիսյանի համանուն ստեղծագործության հիման վրա, հայերեն լեզվով ‘ Ինես Լեյենի գլխավորությամբ: Ելույթ կունենա նաեւ “Աբովյան” մշակութային միության պարային խումբը (գեղ.ղեկավար Գագիկ Ավետիսյան): Ներկայացվելու է “Քարավան” եւ “Մոմերով պար” գործերը:
Ապրիլի 24-ին Հոլանդահայ Ֆեդերացիայի “Ապրիլ 24 Կոմիտեն” Ասենի քաղաքի “Արմենիա” հաստատության հետ համատեղ ժամը 13-ին կազմակերպելու է այցելություն Մեծ Եղեռնի հուշարձան, որտեղ ծաղկեպսակ է դրվելու անմեղ զոհերի հիշատակին:Այս այցելությանը կհաջորդի հարակից “Դե Բոսկամպ” գերեզմանատան սրահում տեղի ունեցող ոգեկոչման արարողությունը, որտեղ ասմունքի եւ գեղարվեստական համարների հետ մեկտեղ կհնչեն ելույթներ Հայոց Ցեղասպանության թեմաներով:
Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի կունենան նաեւ երկրի մյուս քաղաքներում ու բնակավայրերում’ հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ:
“Նիդերլանդական օրագիր”