ԱՄՆ դաշնային դատարանը մերժեց Թուրքիայում հայկական կալվածքների վերաբերյալ հայցը
Մարտի 26-ին դաշնային դատավոր Դոլի Մ. Ջին անարդարացիորեն՝ իրավասության բացակայության պատճառաբանությամբ, մերժեց ամերիկահայերի ներկայացրած հայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նրանց բռնագրավված կալվածքների փոխհատուցման պահանջով:
Փաստաբաններ Պերճ Բոյաջյանը, Մարկ Կիրակոսը, Արա Ջաբակչուրյանը եւ Բրայան Կաբատեկը 2010 թվականի հուլիսի 29-ին խմբային դատական հայց էին ներկայացրել՝ Կարպիս Դավոյանի (Լոս Անջելես), Հրայր Թուրաբյանի (Նյու Յորք) եւ այն բոլոր հայերի անունից, որոնց նախնիներն անշարժ գույք են ունեցել Թուրքիայում: Դավոյանի եւ Թուրաբյանի պապերը սեփական հողատարածքներ են ունեցել Այնթափի եւ Ադանայի մոտակայքում: Բողոքով նաեւ մեղադրանք էր ներկայացվում Թուրքիայի Կենտրոնական բանկի եւ “Ziraat” բանկի դեմ՝ բռնագրավված հայկական կալվածքներից ստացած եկամուտների հաշվին անարդարորեն հարստանալու համար:
Մինչ Թուրքիայի Հանրապետությունը եւ նրա երկու խոշոր բանկերը առարկում էին, որ Միացյալ Նահանգների դատարաններն իրավասություն չունեն դատելու օտարերկրյա իրավաբանական անձանց ինքնիշխանության անձեռնմխելիության պատճառով, հայ հայցվորները պնդում էին, որ դատավարությունը պետք է ընթանա՝ ելնելով “Արտաքին ինքնիշխանության անձեռնմխելիության ակտի” երկու՝ “Առեւտրային գործունեություն” եւ “Բռնագրավում” բացառություններից:
Դաշնային դատավորը վճռեց, որ այս երկու բացառությունները սույն գործով կիրառելի չեն: Նա գտավ, որ բանկերի առեւտրային դերը Միացյալ Նահանգներում նվազագույն է եղել եւ կապ չի ունեցել հայտարարված բողոքների հետ: Նա որոշեց, որ բռնագրավման բացառությունը եւս անընդունելի է, քանի որ կալվածքները չեն վերցվել “միջազգային օրենքի խախտմամբ”: Նա նշեց, որ մասնավոր սեփականության յուրացումը հակասում է միջազգային օրենքին, եթե, առաջին՝ այն չի ծառայում հանրային նպատակներին, երկրորդ՝ այն խտրության է ենթարկում կամ առանձնացնում օտարերկրացիներին, եւ երրորդ՝ օտարերկրյա կառավարությունը փոխհատուցում չի վճարում: Դատավոր Ջին վճռեց, որ հայերը եղել են Օսմանյան կայսրության քաղաքացիներ՝ 1869 թվականի հունվարի 19-ին ընդունված “Քաղաքացիության մասին” օրենքի հիման վրա, “որը Օսմանյան կայսրության ներսում գտնվող բոլոր անձանց համարում է որպես օսմանյան սուբյեկտներ”: Ըստ դատավորի խոսքերի՝ այս օրենքը “ուժի մեջ մնաց մինչեւ 1927 թվականի մայիսի 23-ը, երբ թիվ 1041 օրենքը թուրքական քաղաքացիությունից զրկեց այն հայերին, ովքեր փախչել էին կամ տեղահանվել Կայսրությունից այս հայցով խնդրո առարկա հանդիսացող իրադարձությունների ժամանակ”: Նա եզրակացրեց. “Իրավաբանորեն, հայերը, որոնց ունեցվածքը վերցվել էր եւ որոնք տեղահանվել էին Օսմանյան կայսրությունից, այդ ժամանակ եղել են քաղաքացիներ”:
Դատավոր Ջին այս որոշումները կայացնելիս մի շարք լուրջ փաստացի սխալներ թույլ տվեց եւ ապօրինաբար կիրառեց օրենքը: Նրա առարկությունը, թե հայերը Ցեղասպանության եւ տեղահանությունների ժամանակ եղել են Օսմանյան կայսրության քաղաքացիներ, այդիսկ պատճառով Միացյալ Նահանգների դատարանի սուբյեկտ չեն հանդիսանում՝ լրիվ սխալ է: Ներքին գործերի նախարար Թալեաթը 1915 թվականի սեպտեմբերի 9-ի հեռագրում հետեւյալ հրամանն էր արձակել. “Հայերի համար Թուրքիայի հողում ապրելու եւ աշխատելու իրավունքներն ամբողջովին ջնջված են”: Այպիսով, 1915 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ Թալեաթը չեղյալ էր համարել հայերի՝ Օսմանյան կայսրության քաղաքացիներ լինելու փաստը, նրանց դարձնելով ոչ քաղաքացիներ իրենց ունեցվածքի բռնագրավման ժամանակ: Միայն այս փաստն արդեն անվավեր է դարձնում դատավորի վճռի հիմնական նախադրյալը, որ Դաշնային դատարանն իրավասություն չունի Թուրքիայի կողմից իր քաղաքացիների սեփականության բռնագրավման նկատմամբ:
Բացի այդ, քանի որ օսմանյան քաղաքացիությունը պարտադրվել էր բնիկ հայերին՝ իրենց տարածքները օսմանյան զորքերի կողմից նվաճելուց հետո, հայերը ստիպված վերածվել էին դժկամ սուբյեկտների օտար զավթիչի կողմից: Դատավորի սխալ դատավճիռը հանգեցնում է անհեթեթ եւ վտանգավոր տեսակետի, որ օկուպացիայի տակ գտնվող ժողովուրդների իրավունքները կարող են խախտվել նրանց զրկելով միջազգային օրենքի ապավենից, հենց որ նվաճող պետությունը նրանց հայտարարի իր քաղաքացիներ:
Դատավոր Ջին երկրորդ լուրջ սխալը թույլ տվեց, երբ խճճված փաստարկ ներկայացրեց, թե օտար կալվածքների բռնագրավումները կարող են իր դատարանի իրավասության մեջ մտնել, եթե դրանք իրականացվել են ցեղասպանության գործողությունների ընթացքում, որովհետեւ “ցեղասպանությունը միջազգային օրենքի խախտում է”: Սակայն, նա վճռեց, որ հայկական դատական հայցը չի համապատասխանում նշված չափանիշներին, քանի որ այն ներառում է “քաղաքական հարց”՝ կապված արտաքին քաղաքականության հետ, որը գործադիր եւ օրենսդիր ճյուղերի իրավասության շրջանակներում է եւ ոչ թե՝ դատական համակարգի: Նա ամբողջովին անտեսեց այն հանգամանքը, որ հայցը չէր ներկայացվել ցեղասպանության պահանջի ներքո, այլ՝ որպես միջազգային օրենքի խախտում, որը ներառում է Մարդկության դեմ իրականացված հանցագործությունները, սակայն ոչ պարտադիր՝ ցեղասպանությունը: Ըստ երեւույթին դատավորը տեղյակ չէր, որ Միացյալ Նահանգների կառավարությունը մի քանի առիթներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ անիմաստ դարձնելով իշխանության տարանջատման մասին իր առարկությունը:
Մեծ է հավանականությունը, որ Դաշնային վերաքննիչ դատարանը չեղյալ կհայտարարի դատավոր Ջիի անհիմն ու սխալ դատավճիռը: Հայցվորների փաստաբանները կարող են զգալիորեն ուժեղացնել իրենց դատական գործը՝ մատնանշելով նրա դատավճռի որոշ փաստացի սխալները, ինչպես նաեւ ուղղելով իրենց հայցում առկա թերությունները:
Դատական հայցերն ընդդեմ Թուրքիայի պետք է ներկայացվեն առավելագույն խնամքով, նախապատրաստությամբ եւ պրոֆեսիոնալիզմով, քանի որ դրանք լուրջ հետեւանքներ ունեն ամբողջ հայ ժողովրդի շահերի համար, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին:
Հարութ Սասունյան`
“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի