Իշխան Զաքարյանի հայտարարությունը
Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ, կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ փորձում են իմ անունը կապել պետական ծրագրով իրականացվող Գեղարդալիճ-Գողթ-Կամարիս ջրագծի կառուցման հետ:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ ծրագրի հետ բացարձակապես որևէ առնչություն չունեմ: Համարելով, որ այս ամենը վատ տեղեկատվության պատճառով է, հարկ եմ համարում տեղեկացնել`
- «Գեղարդալիճ ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրով նախատեսվում է Գեղարդալճի ջուրը 14 կմ տարածքով անցկացնել Գողթ համայնքով, 7 կմ` Կամարիս համայնքով, 4.8 կմ` Ողջաբերդ համայնքով, 3.5 կմ` Գեղադիր համայնքով և 3.5 կմ` մինչև Հացավան: Ըստ այս ծրագրի պատասխանատուների հայտարարության` նախատեսված է ոռոգել Գողթ համայնքում 705 հա, Հացավանում` 120 հա, Ողջաբերդում` 55 հա, Գեղադիրում` 120 հա, «Ջրվեժ-Ձորաղբյուր» այգեգործական ընկերությանը պատկանող 260 հա և Ջրվեժի «Արգելոցապարկային համալիրի» 188 հա հողատարածքները:
- Հայտարարում եմ նաև, որ Գառնի, Գողթ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և Կամարիս համայնքներում որևէ հողատարածք չունեմ: Եթե որևէ կազմակերպություն կամ քաղաքացի կարող է ապացուցել իմ կապը վերոհիշյալ համայնքներում որևէ հողատարածքի հետ, ապա հաջորդ իսկ օրը, օրենքով սահմանված կարգով, «իմ այդ սեփականությունը» կնվիրեմ հայտնաբերողին:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ
Իշխան Զաքարյան