Մի հոգի չի, որ մեղավոր է. զինվորի հոր շոկային բացահայտումները. Առավոտ
Իջեւանի զորամասում ապրիլի 25-ին հրազենային մահացու վիրավորումից մահացած շարքային Հովհաննես Պետրոսյանի հայրը՝ Վաչիկ Պետրոսյանը մի գրամ չի կասկածում, որ իր տղային սպանել են, եւ դա ինքնասպանություն չի եղել:
Հիշեցնենք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով («Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»):
Վաչիկ Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցնում է, որ իր տղան որեւէ առիթ չի ունեցել ինքնասպանություն գործելու համար: Վաչիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ ինքը շատ հաճախ է որդու հետ հեռախոսով զրուցել. Հովհաննեսը հորն ասել է՝ «Պապա աֆիցերը լարված է հետս, պապ, ընգել ա ոտիս հետեւից, ավտոյի կալոնկեն՝ բենզինի բակը փակել եմ, որ բենզին չտանի»: Թե ումից էր որդին պաշտպանում զորամասի ավտոմեքենայի վառելիքը, Վաչիկ Պետրոսյանը հրաժարվեց անուն տալ, միայն նշեց.
«Ես շատ բան գիտեմ, ու մի հոգի չի, որ մեղավոր է, շատ են, ու զինվորներ չեն, հրամատարական կազմից են: Եղել է, որ հրամանատարական կազմից անօրինական պահանջ են դրել, տղաս ընդդիմացել է, հրաժարվել է կատարել»: Հովհաննես Պետրոսյանը, հոր պատմելով՝ շատ կարգապահ զինվոր է եղել, եւ զորամասում չի հանդուրժել որեւէ անօրինականություն կամ անարդարություն. Հովհաննեսը զորամասում ըմբոստանում էր ամեն անօրինականության դեմ եւ անգամ հրամանատարին հորդորում էր սպայի պատիվն ու կեցվածքը պահել. «Տղաս այդ ամենը ինձ պատմել է, հիմա չեմ ուզում շատ մանրամասներ պատմել, տեսնենք՝ քննությունն ոնց է ընթանում, հետո կխոսեմ»:
Հովհաննեսը 3 ամսվա զինծառայող էր, ու արդեն 15 օր էր դիրքեր էին տարել նրան: Դեպքն էլ տեղի է ունեցել հենց դիրքերում՝ նրա հերթապահության ժամանակ: Վաչիկ Պետրոսյանի պատմելով՝ հայրը որդու հետ խոսել է, երբ նա դիրքերում էր .«Ասեց՝ պապ, էտի եկավ ֆռֆռաց, մանթրաշ գնաց: Ինքը պոստում իրեն ամրակցված զենք- զինամթերքով, ֆագոտի սնարյադներով մեքենան էր հսկում:
Տեսել է իրեն ամրակցված այդ մեքենայից գողություն են արել, էրեխես կողպեքը բերել, գցել է բակի վրա, փակել է, որ ձեռք չտան: Սաղ պատմել է ինձ: Կիրակի օրը պիտի մոտը գնայի, չհասցրեցի, կիրակին շուտ եկավե: Շարքային Հովհաննես Պետրոսյանի դին հայտնաբերել են իրեն ամրակցված «ԳԱԶ 66ե մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում. Հայրն ասում է, որ որդին իրավունք չուներ գտնվել մեքենայի այդ հատվածում, քանի որ նրա գործառույթը որպես զինվոր՝ մեքենան հսկելն է.«Այսինքն` ինքը պիտի մեքենայի կողքերով գնար-գար, ու էդ մեքենայի թափքը, որտեղ զենք-զինամթերքն էր, պիտի պլոմբած լիներ: Իմ տղան լավ ծառայող էր, մի ամսվա ծառայող էր, արդեն շնորհակալագիր էին տվել:
Ինքը երբեք ծառայության ընթացքում խախտում չի արել ու չէր էլ անի, որովհետեւ ինքը պատրաստի զինվոր էր, մանկուց զինվորականի պես կարգապահ էր, սպորտսմեն էր, լավ կրակել գիտեր, ինձ հետ որսի էր գալիս: Այնպես, որ չեն էլ կարող ասել, որ զենքի հետ անփույթ է վարվել: Մենք էլ Արցախյան պատերազմի մասնակից ենքե: Վաչիկ Պետրոսյանի համար անհասկանալի է, որ որդին հայտնվել է մեքենայի կունգի թափքում: «2 ավտոմատի վնասվածք է եղել՝ մի հատ քթի, մի հատ էլ ճակատի մասում: Հայտնաբերել են մեքենայի հետեւի մասում, դուռը՝ բաց, ինքը նստած զենքի «յաշիկներիե վրա: Խի՞, ախր ինքն իրավունք չուներ մտներ էդտեղ, ոչ ոք չկար, որ հսկեր ինքն իրավունք ունե՞ր, թե՝ ոչ:
Պոստում մենակ է եղել, հայտնաբերել են ժամը 20.15-ին, թե դեպքը կոնկրետ որ ժամին է եղել, չեն ասել: Տղես պիտի ժամը 5-ից մինչեւ 7-ը պոստում հերթապահության լիներ, այսինքն, իր հերթապահության ժամը լրացել էր, ու հերթափոխ չէր եղել: Մի բան էլ ասեմ՝ էդ մեքենանները, որ ամրակցված է եղել Հովոյին, զենք-զինամթերքով, ինչո՞ւ պլոմբած չի եղել, մի սնարյադը 40 հազար դոլար է, անփորձ էրեխեն էր պահում դա: Չեմ հասկանում՝ երկու ավտո՝ զենք-զինամթերքով ու մի անփորձ զինվորի հսկողության տակ: Ինքը «ուչեբկաե էլ չէր անցել, հանել էին պոստերե,-հարցադրումներ է անում Հովհաննեսի հայրը: