2016 թվականին կլինի ավելի քան 3.2 տոկոս տնտեսական աճ. Վաչե Գաբրիելյան
ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամին ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հարց ուղղեվ Կենտրոնական բանկի ներկայացրած ցուցանիշների վերաբերյալ:
«Այս տարի ՀՀ տնտեսության աճը 3 տոկոս է ստացվել և եկող տարի դիտարկվում է մինչև 2-ից 2,1 տոկոսի շրջանակներում աճ: Սա նշանակում է, որ կանխատեսվում է տնտեսական անկում այս տարվա ընթացքում: Դիտարկելով նաև տրանսֆետների պակասը՝ կառավարությունն ի՞նչ մոտեցում է ցուցաբերելու, որ մարդկանց աղքատացումն ու արտագաղթը կարողանա կանխել»,- հարցրեց Շահգելդյանը:
Պատգամավորի հարցին պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Վերջինս շեշտեց՝ ԿԲ-ի 2.2 տոկոսի թիվը պետք է համադրել բյուջեի հիմքում դրված 3.2 տոկոսի հետ: Գաբրիելյանն ընդգծեց՝ Կառավարության կանխատեսումով տնտեսական աճը 2016-ի ընթացքում կարող է լինել ավելին:
«Այս տարի կլինի ավելին, և դա որպես անկում գնահատել հնարավոր չէ: Պետք է նկատի ունենալ, որ տնտեսական աճի պայմաններում մի որակական զարգացում կա՝ արտահանման առաջանցիկ ընթացման տեմպը: Արտահանման և ներմուծման հարաբերակցությունը երբևէ այսքան մոտիկ չի եղել, որքան այս եռմասյակի ընթացքում»,- նշեց Վաչե Գաբրիելյանը:
Վերջինս վստահեցրեց՝ 2016 թվականին կլինի ավելի քան 3.2 տոկոս տնտեսական աճ և 2017-ին էլ, ամենայն հավանականությամբ, կրկին աճ է գրանցվելու: