15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սպասել պետք չէ

Վարչապետի ելույթը՝ պետական ապարատի, ծառայողական մեքենաների կրճատման վերաբերյալ, ինչպես նաև՝ հակակոռուպցիոն ու հակամենաշնորհային քաղաքականության հարցում որդեգրված նոր մոտեցումերը երկրի տնտեսական զարգացման տեսլականի առումով կարևոր ազդակներ են պարունակում. եթե իհարկե, դրանք կյանքի կոչվեն: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Անշուշտ, այս երեք խնդիրներից յուրաքանչյուրը խիստ կարևոր դեր ունի մեր երկրի տնտեսության զարգացման ապահովման համար: Պետական բյուջեի առանց այն էլ սուղ միջոցներն անհրաժեշտ է ծախսել խնայողաբար՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ծախսի տնտեսական հիմնավորվածությունն ու անհրաժեշտությունը:

Իրականում կան ծախսեր, որոնք ուղղակի դրական տնտեսական ազդեցություն չունեն: Օրինակ՝ գործուղումներ, ներկայացուցչական ծախսեր, ծառայողական մեքենաներ և այլն: Ուստի պետք է այս մասով բյուջետային գումարները տնտեսել և ուղղել առավել հրատապ սոցիալական խնդիրների լուծմանը»:

Ինչ վերաբերվում է պետական ապարատի աշխատակազմի կրճատմանը, ըստ բանախոսի, սա ևս կարևոր է:

«Ավանդաբար մենք խոսում ենք պետական ապարատում ցածր աշխատավարձերի պատճառով պրոֆեսիոնալ մարդկանց սակավության մասին, ինչն ուղղակիորեն բերում է պետական համակարգի արդյունավետության անկման:

Պետական ապարատի օպտիմալացման միջոցով մի կողմից հնարավոր կլինի գումար տնտեսել, ընդ որում, խոսքը ոչ միայն կրճատված աշխատողների աշխատավարձերի մասին է, այլև գրասենյակային և այլ ծախսերի, և մյուս կողմից էլ բարձրացնել պետական համակարգում աշխատողների աշխատավարձն ու համակարգն առավել գրավիչ դարձնել բանիմաց ու պրոֆեսիոնալ մարդկանց համար:

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին միշտ խոսվել է, բոլորս հասկանում ենք դրա կործանիչ հետևանքները տնտեսության վրա: Այն, որ դրա դեմ հետևողական պայքարը դրական ազդակներ կհաղորդի տնտեսությանը, կասկածից վեր է: Այստեղ հստակ, թիրախավորված միջոցառումներ են անհրաժեշտ, որոնց միջոցով էապես կնվազեն ոչ միայն կոռուպցիոն դրսևորումները, այլև կբացառվի շահերի բախումը»,- նշեց Կ. Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է մոնոպոլիաներին և դրանց դեմ առավել խիստ հակամենաշնորհային քաղաքականության իրականացմանը, ապա տնտեսագետի խոսքերով, դա թերևս բիզնես միջավայրի բարելավման առաջնային խնդիրներից է, և դրա հաջող իրականացումը էապես կնպաստի ձեռնարկատիրության, հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

«Ըստ էության, եթե կառավարությունը հետևողական իրականացնի իր մտադրությունները, արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

Պետք է համակարգային մոտեցում ցուցաբերենք տնտեսության առողջացման, զարգացման խնդրին: Մենք պետք է հստակ տեսլական ունենանք, այդ տեսլականին հասնելու քայլերի հաջորդականություն և վճռական կերպով իրականացնենք այդ քայլերը: Միայն համակարգային մոտեցումներով է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի»,- եզրափակեց Կ. Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ