«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն անհեռանկար է ու անընդունելի. տնտեսագետ
Ազգային ժողովում նախորդ շաբաթ`արտահերթ նիստի ընթացքում քննարկման է դրվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի` այս օրենքի նախագիծը անհեռանկար է: Այս մասին տնտեսագետ ասաց Henaran.am-ի հետ զրույցում:
‹‹Այդ որոշումը ճիշտ չէ: Դեռ իմ պատգամավոր եղած ժամանակ այդ մասին խոսել եմ, ասել եմ նման բան չի կարող լինել: Դա հասարակության ու քաղաքացու համար անընդունելի, անհեռանկար, երաշխիքներից հեռու մի բան է: Դրա վառ ապացույցն այն է, որ պետական համակարգում աշխատող մարդկանց ստիպեցին ու նրանց վրա տարածեցին այդ օրենքը: Հավատացե’ք, որ պետական համակարգում աշխատող մարդկանցից և ոչ մեկը խնդությամբ ու ուրախությամբ չի գնացել այդ քայլին: Դա արել են, որ աշխատանքը չկորցնեն››, – ասաց տնտեսագետը:
Տնտեսագետը շեշտեց` մարդիկ հաստատ չեն կամենա, որ այդ օրենքը պարտադիր լինի:
‹‹Դու’րս եկեք, փողոցում հարցրեք կուտակային համակարգի մասին, տեսեք՝ մարդիկ իսկապես փախչում են այդ համակարգից››: