Դավիթ Հարությունյանը խոսել է նոր պլանների մասին
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողներրի հետ զրույցում անդրադարձավ վարչապետի ուշագրավ հայտարարությանը, որում ասվում ՝ պետք է անցնել խնայողական ռեժիմի, գործնականորեն պայքարել մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ, կրճատել պետական ապարատը, ստեղծել խաղի հավասար կանոններ:
Դավիթ Հարությունյանը շեշտեց՝ վարչապետն արդեն հանձնարարական է տվել ՊԵԿ նոր նախագահին. վերջինս պետք է հավասար մրցակցային պայմանների ապահովումն իր ուշադրության կենտրոնում պահի:
«Յուրաքանչյուր հարց պետք է ուսումնասիրվի, առանց ուսումնասիրելու` հնարավոր չէ խնդիրներ լուծել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Լրագրողները հարց ուղղեցին Դավիթ Հարությունյանին՝ արդյո՞ք կկրճատվի քաղծառայողների քանակը:
Նախարարը շեշտեց՝ քաղծառայողներին կրճատումը հարցեր լուծելու համար լավ ճանապարհ չէ:
«Կոնկրետ ինձ վրա եմ օրինակ բերում: Այն աշխատակազմը, որի հետ ես աշխատում եմ, սպասարկում է կառավարությանը: Որպես նախարարի` իմ գործունեությունը սպասարկում է ընդամենը երեք հոգի՝ երկու խորհրդական և մեկ օգնական: Հիմա պե՞տք է կրճատել այդ երեք հոգուն, իհարկե՝ ոչ, դեռ պետք է ավելացնել նրանց թիվը, որովհետև մտավոր աշխատանքը, որն անհրաժեշտ է արդյունքի հասնելու համար, պահանջում է լուրջ մտավոր ռեսուրս»,- ասաց Դավիթ Հարությունյանը: