08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դու կարող ես լինել Աստծո ձեռքը

Մեր հանրության մեջ ապրում են մարդիկ, ովքեր ամենատարբեր պատճառներով օտարված են մեզնից, բայց մեծապես ունեն մեր կարիքը: Իհարկե, հրաշալի կլիներ, եթե աշխարհի երեսից վերանային ծերանոցները, մանկատները… բոլոր ծերերը կյանքի արևամուտն անցկացնեին իրենց զավակների ու թոռների հետ, սիրո ու հոգատարության մեջ, իսկ «մանկատուն» բառն իսկ որևէ նշանակություն չունենար, քանզի չլինեին այնպիսի ծնողներ, ովքեր իրենց փոքրիկներին թողնեին միայնակ, բախտի քմահաճույքին:

Բայց, ցավոք, աշխարհում կան լքված ծերեր ու մանուկներ, կան խնդրով երեխաներ, և նրանցից յուրաքանչյուրը կարիք ունի սիրո, խնամքի, հոգածության, նվիրվածության և այն գիտակցության, որ կա Մեկը, Ով սիրում է իրենց անվերապահորեն, և Իր կյանքն է տվել հանուն իրե՛նց:

Այս առաքելությունը Եկեղեցու հովվական ծառայության կարևոր հանգրվաններից մեկն է. յուրաքանչյուր մարդու հարկավոր է փոխանցել Աստծո խոսքը, մխիթարությունը, սերը…

Շատ կարևոր է գիտակցել, որ անկախ նրանից, թե սիրված ես, կրթված, հարազատներով շրջապատված, թե ոչ, Աստված քեզ հետ է ու սիրում է քեզ՝ որպես Իր ամենակատարյալ ստեղծագործություն: Անկախ մեր շնորհներից ու սահմանափակումներից, օժտվածություններից ու թերություններից, մենք Աստծո սիրելի զավակներն ենք, և մեր ամբողջ կյանքը պիտի լինի փառաբանություն, որովհետև կյանքը հնարավորություն է ինքնաճանաչման ու ինքներս մեր մեջ Աստծուն գտնելու:

Թյուր է այն կարծիքը, թե քրիստոնեությունը թույլերի կրոնն է, հիմնված է կարիքավոր մարդկանց հավատի վրա. իրականում քրիստոնեությունն այն մարդկանց կրոնն է, ովքեր այնքան ուժեղ են, որ կարողանում են մոռանալ սեփական կարիքները, սեփական ցավը, սեփական անձն ու նեցուկ լինել կողքիններին:

Կարիքավորին օգնողը, ընկածին վեր բարձրացնողը, հուսահատվածին սատարողը Աստծո ձեռքն է երկրի վրա, Աստծո առաքյալը: Ու սա քրիստոնեության գլխավոր պատգամի՝ մերձավորին սիրելու, լավագույն արտահայտումն է, քանզի չկա ավելի մեծ սեր, քան այն, երբ մեկն իր կյանքն է տալիս հանուն մեկ այլ մարդու:
Անժելա Պողոսյան

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ