Մի պղտորեք
Վերջին օրերին պարբերական բնույթ են ստացել սոցիալական ցանցերում տարատեսակ մեկնաբանություններն ու քննարկումներն այն մասին, որ իբրև թե Արցախին օգնելու նպատակով ապրանքների ներկրման ժամանակ մաքսային ծառայողները խոչընդոտներ են ստեղծում դրանց տեղափոխման հետ կապված հարցերում:
Տեղեկատվությունը նաև տեղադրվում է տարբեր լրատվական կայքերում` ձևավորելով թյուր կարծիք զգայուն խնդրի շուրջ կոմիտեի աշխատանքի մասին: Այսպես, ապրիլի 30-ին «Operativ.am»-ում հրապարակված այդպիսի հերթական «փաստի» վերաբերյալ արդեն իսկ արձագանքել ենք` ներկայացնելով, որ այն իսկական ապատեղեկատվություն է և չի արտացոլում իրականությունը. ապրիլի 1-ից մինչ օրս հրապարակման մեջ նշված դեպքի մասին հիշեցնող ոչ մի տվյալ առկա չէ, այսինքն` նման փաստ չկա:
Այս մասին Henaran.am փոխանցեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշելով, որ հաշվի առնելով նմանատիպ «լուրերի» քանակը` նախքան դրանց անդրադառնալը կամ դրանց շուրջ վերլուծություններ ու եզրահանգումներ կատարելը, ճշտել ներկայացվող «փաստերի» իսկությունը Պետական եկամուտների կոմիտեի հետ:
ՊԵԿ-ից հավաստիացնում են, որ կիսում են առաջնագծին տրամադրվող աջակցության գործում մեր բոլոր հայրենակիցների սրտացավությունն ու պատրաստակամությունը, և կարիք չկա չճշգրտված մեկնաբանությունների հիման վրա սխալ եզրահանգումներ կատարելով ստվեր նետել համակարգի աշխատանքի վրա:
Միաժամանակ Պետական եկամուտների կոմիտեն դիմում է մեր համաքաղաքացիներին` օգնության նպատակով ներմուծումների վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ և տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ձևակերպումների հետ կապված հարցերին արագ լուծումներ գտնելու համար զանգահարել Հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 060 54 44 44 հեռախոսահամարով: