15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առանց “Բետեեռ կանանց” եւ Կլարա Խաչիկովնայի. Առավոտ

Իհարկե, այս պահին դժվար է ասել, թե ինչով է վերջանալու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքական [կամ քաղաքացիական] շարժումը: Անձամբ ես, ճիշտն ասած, այժմ չեմ տեսնում նախադրյալներ, որոնք կարող են ստիպել նախագահին հրաժարական տալ կամ Ազգային ժողովին` լուծարվել:

Բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը չի փոխվել, եւ դա միայն այս նախագահական ընտրությունների արդյունքը չէ: Հայաստանը սկսել է փոխվել 2011 թվականի գարնանից, երբ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, իսկ Ազատության հրապարակը բացվեց ընդդիմության հանրահավաքների համար:

Փառք ու պատիվ ՀԱԿ-ին, ինչպես նաեւ այն ժամանակվա կոալիցիոն ուժերին` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, որոնք կարողացան կազմակերպել իշխանության եւ ընդդիմության աոաջին երկխոսությունը, որը չնայած տապալվեց [հիմնականում իշխանության մեղքով], սակայն հիմա, երբ հասունանում է նոր երկխոսությունը, նախորդ փորձը անպայման հաշվի կառնվի:

Իսկ որ նման երկխոսություն կլինի` հավանականությունը շատ մեծ է, որովհետեւ ակնհայտ է, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր չեն վիճակը հասցնել առճակատման: Բացի ամեն ինչից` նրանք իրար հետ հին հաշիվներ չունեն մաքրելու, ինչպես որ դա եղել է մի շարք այլ դեպքերում:

Միայն թե ցանկալի կլիներ, որ այդ երկխոսությունը մի թեթեւ նախապատրաստվեր, այսպես ասած, “փորձագիտական մակարդակով”, որից հետո միայն լուծումների տարբերակներն առաջարկվեին առաջին դեմքերին: Թե չէ` հերթական հանդիպումը, լինի այն նախագահի նստավայրում, թե Ազատության հրապարակում, չեմ կասկածում` կանցնի բարեկամական մթնոլորտում, սակայն արդյունք չի տա: Բայց ավելի կարեւոր է այն, որ փոխվել է ինքը` Ազատության հրապարակը` այդ բառի լայն իմաստով:

Այստեղ այլեւս չեն իշխում “բետեեռ կանայք” եւ Կլարա Խաչիկովնան, այստեղ ճեմող պատանիներն իրենց չեն համարում “հեղափոխության խունվեյբիններ” եւ բարձրագույն ճշմարտության առաքյալներ, որոնց նպատակն է “շիկացած մետաղով” վերացնել ցանկացած այլախոհություն եւ բացահայտել բոլոր ծպտյալ “ծախվածներին” ու “դավաճաններին”:

Այդ դրական փոփոխության հեղինակն, անշուշտ, Րաֆֆի Հովհաննիսյանն է` իր թիմով: Կարելի է նրանց կողմնակիցը չլինելով, նրանց հեղափոխական գաղափարները չկիսելով` հանգիստ քայլել Ազատության հրապարակով` հանդիպելով ջերմ, բարյացակամ վերաբերմունքի: Ինձ թվում է, որ դա, անկախ վերջնական արդյունքներից, հասարակությանը համախմբելու եւ ոչ թե պառակտելու մեթոդ է:

Իսկ իշխանությունը պետք է հասկանա, որ այս անգամ դա զուտ ընդդիմադիր քաղաքական շարժում չէ, սա ավելի լուրջ եւ երկարատեւ գործող ուժ է, եւ իրավիճակը կարող է կայունանալ միայն արագ եւ կտրուկ փոփոխություններից հետո: Եվ խոսքը ոչ միայն եւ ոչ այնքան աշխատավարձերի ու թոշակների մասին է:

Արամ Աբրահամյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ