Հրատապ հավաք` եղանակի փոփոխության հետ կապված
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հրատապ խորհրդակցություն` Հայաստանում կանխատեսվող եղանակային կտրուկ փոփոխությունների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը, փոխնախարարները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-ի ղեկավարները:
Մարտի 15-17-ին հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում` մարտի 12-ի համեմատ 8-10 աստիճանով: Այնուհետեւ մարտի 18-ին սպասվող տեղումները կարագացնեն բարձր ջերմաստիճանների արդյունքում կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքը։ Գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետեւանքով հնարավոր է գարնանային վարարումներ եւ սելավային վտանգներ:
Նման վտանգներից խուսափելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն հորդորել է “Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկին` միջոցներ ձեռնարկել , որպեսզի հակահեղեղային միջացառումների ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտին հասցվեն նախատեսվածից շուտ:
Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով իրազեկել մարզպետարաններին, համայնքապետերին եւ գյուղացիական տնտեսություններին` հնարավոր գարնանային հեղեղումների վտանգը մեղմելու համար:
Կազմակերպել ջրանցքներում նախկինում տեղադրված դիմահարները հեռացնելու աշխատանքները: